Կարծում եմ 2026-27 թթ պիտի ստորագրենք․ Փաշինյանը՝ Խաղաղության պայմանագրի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրել 2027-2028 թվականներին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարզաբանելով կառավարության նիստում հնչեցրած իր նախորդ հայտարարությունը։

Անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, թե ինքը խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետ էր նշել 2031 թվականը, Փաշինյանը պարզաբանեց, որ այդ տարեթիվը նշվել էր բացառապես գործող կառավարության և խորհրդարանի հնգամյա լիազորությունների ժամկետի համատեքստում (2026-2031 թթ․)։

«Եթե պետք է ավելի կոնկրետացնել ժամկետները, ես կարծում եմ, որ մենք 2027-2028 թվականներին պետք է ստորագրենք, այս տարի դժվար հասցնենք»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ դրա համար անհրաժեշտ է շարունակական աշխատանք տանել ադրբեջանական կողմի հետ։

Վարչապետը ընդգծեց, որ զուգահեռաբար մեկնարկում է «Թրամփի ուղի» տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծի գործնական փուլը, և այդ երկու գործընթացները միմյանց չեն խոչընդոտում։

«Հանկարծ չմեկնաբանվի, թե քանի որ պետք է կենտրոնանանք խաղաղության համաձայնագրի վրա, TRIPP նախագիծը պետք է սպասի դրանից հետո․ ոչ մեկը մյուսի հետ կապ չունի։ TRIPP նախագծի աշխատանքները մենք հիմա արդեն սկսում ենք․ երեկ պատասխանատուները տեղում աշխատել են, կսկսվի նախագծումը, այնուհետև՝ շինարարությունը, իսկ խորհրդարանում մեկնարկում է վավերացման գործընթացը»,- ընդգծեց նա։

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ տնտեսական մարտահրավերները հաղթահարելու համար հրատապ է օր առաջ TRIPP ծրագրի կյանքի կոչումը, որի շրջանակներում նախատեսվում է վերագործարկել ինչպես Հայաստան-Ադրբեջան, այնպես էլ Հայաստան-Թուրքիա երկաթուղային հաղորդակցությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment