Ճանապարհային տուգանքների խստացում․ Կառավարությունն ընդունեց նոր օրինագիծը

ՀՀ կառավարության հոկտեմբերի 22-ի նիստում հավանության է արժանացել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը։ Ըստ նոր նախագծի՝ երեխաների փոխադրման կանոնները խախտելու համար նախատեսված պատասխանատվության միջոցը ներկայիս 5000 դրամի փոխարեն սահմանվելու է 20 000 դրամ տուգանք և 1 տուգանային միավոր։

Մայրաքաղաքում և միջպետական ճանապարհներին խցանումները կանխելու և երթևեկությունը կարգավորելու նպատակով առաջարկվում են մի շարք խստացումներ։ «Մուտքն արգելվում է» կամ բեռնատարների երթևեկությունը սահմանափակող նշանների պահանջները չկատարելու համար վարորդները կտուգանվեն 20 000 դրամով և կկորցնեն 2 տուգանային միավոր։ Նույնքան ֆինանսական տույժ և 1 տուգանային միավոր է նախատեսվում «Կանգառն արգելվում է» նշանի կամ համապատասխան գծանշման պահանջները չպահպանելու, ինչպես նաև երթևեկելի մասի երկրորդ կամ հաջորդ շարքերում մեքենան կայանելու համար։

Խստացումները վերաբերում են նաև հատուկ պահպանվող տարածք տեղափոխված մեքենաների կայանման կանոնների խախտմանը, որի համար նախկին 20 000 դրամի և 0,5 միավորի փոխարեն սահմանվել է 29 000 դրամ տուգանք և 1 տուգանային միավոր։ Հասարակական տրանսպորտի կանգառի գոտում կանգնելու կամ երթևեկելի մասի եզրին ոչ զուգահեռ կայանելու համար նախկին 5000 դրամ տուգանքը բարձրացվել է մինչև 20 000 դրամ՝ 1 տուգանային միավորի կիրառմամբ։

Բացի այդ, հեծանվային, հեծանվահետիոտնային կամ հետիոտնային արահետներով, ինչպես նաև մայթերով երթևեկելիս առավելագույն արագությունը սահմանվում է 10 կմ/ժ։ Նախագծով նախատեսվում է նաև ոստիկանությանն ընձեռել տեխնիկական հատուկ միջոցներով տեղում վարորդների թմրանյութերի օգտագործման փաստը ստուգելու և վարչական պատասխանատվություն կիրառելու իրավասություն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment