Գազային վտանգներն ու նոր ատոմակայանի սցենարը. Հակոբ Վարդանյանը փակագծեր է բացում

«Հայաստանի էներգետիկ ապագան․ հեռանկարներ և սցենարներ» թեմայով հերթական քննարկման ժամանակ Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի վերլուծաբան Հայկ Խանումյանն անդրադարձավ «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի այցին Հայաստան և Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը կարիք ունի 1000 մեգավատ հզորությամբ ատոմակայանի, մինչդեռ նախկինում խոսվում էր մոդուլային ատոմակայանների մասին։ Արդյոք այս հայտարարությունը կվերացնի այն վտանգավոր սցենարները գազի հետ կապված, որոնք քննարկվում են՝ հաշվի առնելով, որ ռուսական կողմը հույս կփայփայի ատոմակայան կառուցելու վերաբերյալ։

Հայկ Խանումյան

Խանումյանի այս հարցին ի պատասխան ՀՀ ՏԿԵ նախարարի նախկին տեղակալ Հակոբ Վարդանյանը նշեց, որ հարցն ավելի շատ քաղաքական է, և ատոմակայանի կառուցման վերաբերյալ որոշումը չի կարող այդքան արագ լինել, հատկապես որ խոսքը վերաբերում է մեծ հզորություններին:

Հակոբ Վարդանյան

«Ինչքան էլ մեր հեռանկարները էլեկտրաէներգիայի սպառման բարձրացման առումով այս պահին տեսանելի լավը լինեն, դրանք այնպիսին չեն, որ մեկ-երկու ամսվա ընթացքում որոշում կայացվի 1000 կամ 1200 մեգավատանոց ատոմակայան կառուցելու համար:

Բացի սպառման ծավալներից՝ ռեժիմային խնդիրներ կան, բացի ռեժիմային խնդիրներից՝ կայանները պետք է փոխարինող հզորություններ ունենան: Մինչև այդ խնդիրները գոնե տեսականորեն թղթի վրա չլուծվեն, հնարավոր չէ այդպիսի որոշում կայացնել: Վարչապետն ընդամենն ասում էր, որ սպառումն ավելանում է, նոր իրողություններ են տեղի ունենում, AI գործարաններ են կառուցվում, և միգուցե մեր պահանջարկն այնպիսին լինի, որ կարողանանք ունենալ 1000 մեգավատ հզորությամբ ատոմակայան»,- ասաց Հակոբ Վարդանյանը:

Նրա ձևակերպմամբ՝ այն ազդակները, որ ստանում ենք գազի մասով, դրանք առաջիկա ամիսների մասին են խոսում, իսկ ատոմակայանի կառուցման համար նախ պետք է փոխարինող հզորությունների հարցը լուծվի:

Փորձագետը հիշեցրեց, որ մեր էլեկտրաէներգետիկական համակարգը կառուցվել է որպես խոշոր երկրի համակարգի՝ ԽՍՀՄ-ի մաս, և ԽՍՀՄ-ի փլուզումից հետո մեր ամենամեծ խնդիրը ինքնուրույն աշխատանքի կազմակերպումն է եղել… 1997 թվականից դա որոշակիորեն կարգավորվեց, երբ զուգահեռ աշխատանք սկսեցինք Իրանի Իսլամական Հանրապետության հետ և դե ֆակտո սկսեցինք գործել որպես Իրանի էներգահամակարգի մի մաս, մինչև հիմա էլ գործում ենք այդպես: Դա մեծ կախվածություն է տեխնիկական առումով և ավելի մեծ կախվածություն, քան մեր կախվածությունը, օրինակ՝ գազից:

Որևէ երկրից ներմուծվող էս կախվածության վերացման համար առաջին քայլը մեծ հզորություններ ունենալն է, իսկ Իրանի հետ թողունակությունը բավականին փոքր է և մեզ չի բավականացնում, դրա համար որոշում կայացվեց Իրանի հետ ունենալ ավելի մեծ թողունակություն՝ 1200 մեգավատ թողունակություն, և կառուցել երկշղթա 400 կՎ լարման էլեկտրահաղորդման գիծ… Ինչու չի կառուցվել և ինչու չի կառուցվել նաև վրացական կողմը, ուղղակի մենք կարողությունների բացակայություն ունենք և պետք է առերեսվենք այդ իրավիճակի հետ:

Իրանական պայմանագիրը կնքվել է 10 տարի առաջ, ու գործ չի արվել այս կամ այն պատճառով՝ ֆինանսական հոսքեր, բանկային խնդիրներ, քովիդ… Բայց բոլոր երկրներում էլ այդ խնդիրները լինում են, իսկ կարողության իմաստն այն է, որ կարողանաս հաղթահարել ու գործ անել: Վրացական գծի չկառուցման պատճառը ևս նույնն է եղել, բայց երկիրն այդ ընթացքից ընկավ, երբ 2016-2017 թթ. որոշում կայացվեց կառավարության կողմից կասեցնել այդ ծրագիրը, որպեսզի ուսումնասիրվի՝ արդյոք արդյունավե՞տ է և պե՞տք է ներդրումներն անել:

Դրանից հետո բավականին երկար այդ քննարկումները ծավալվեցին… Մեր մոտ մասնագիտական հանրույթը բաժանված էր երկու տարբեր մասերի: Ոմանք պնդում էին, որ կարելի է Վրաստանի հետ աշխատել սինխրոն կապով, ոչ թե ասինխրոն զուգահեռ կապով: Ի՞նչն է տարբերությունը. որ ասինխրոն զուգահեռ կապի համար փոխակերպիչ կայան պետք է կառուցվեր, որը ներդրման ամենամեծ մասն էր: Եվ եթե չէր կառուցվում, ստացվում էր՝ Վրաստանն էլ մեր պես Ռուսաստանին է կպած: Ստացվում էր, որ իրանական և ռուսական էներգահամակարգերը պետք է սինխրոն աշխատեին, ինչը տեսականորեն հնարավոր է, բայց այդ երկու երկրները ցանկություն չունեն աշխատելու և չեն ուզում, որ մեզ նման փոքր երկրները կարգավորեն իրենց համակարգերը միջհամակարգային կապը»,- մանրամասնեց Հակոբ Վարդանյանը:

 

 

Քննարկումն ամբողջությամբ՝

 

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Նկարազարդումը ստեղծվել է ԱԲ տեխնոլոգիայի միջոցով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment