Պարսից ծոցի հյուսիսային հատվածում 4 լցանավ է պայթեցվել: Այս մասին հայտնում է Press TV-ն՝ հղում անելով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերին։
«ԻՀՊԿ ռազմածովային ուժերը հետևել են չորս օրինախախտ նավի, որոնք անցնում էին չթույլատրված երթուղով՝ Պարսից ծոցի հյուսիսային հատվածում նավթը նավից նավ տեղափոխելով։ Բոլոր չորս նավերը պայթեցվել են միաժամանակ և այժմ այրվում են», – ասվում է ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ:
Նշվում է, որ Հորմուզի նեղուցով Իրանի կողմից չթույլատրված երթուղով նավերի անցումը խրախուսելու ամերիկյան մարտավարությունը ավելացրել է ծովային միջադեպերի թիվը:
«Ամերիկացի զինվորականները զգուշացվել են, որ եթե գործողությունները շարունակվեն, պատասխան հարված կհասցվի տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաներին», – հայտարարել է ԻՀՊԿ-ն:
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։ Հակամարտությունը մինչ այս պահը չի կարգավորվել։