ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Հայկ Մամիջանյանն անդրադարձել է ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը։ Այն ներկայացրել էր ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։
«Դրանց հետ կապված երկու հարց ունեմ, որոնք այս տարիների ընթացքում ես տվել եմ երևի միլիոն անգամ ու պատասխան չեմ ստացել, ու դժվար էլ այսօր ստանամ, բայց դրանք շատ կարևոր են։
Հարց համար մեկ։ Երկար, մանրամասն, կետ առ կետ նկարագրված է, թե Հայաստանի տարածքով Ադրբեջանի քաղաքացիներն ու ադրբեջանական բեռները ոնց են անցնելու, ֆրոնտ օֆիս, բեք օֆիս, չեն առնչվելու հայ սահմանապահի հետ, և այլն, և այլն, և այլն…
Հիմա ես հարց եմ տալիս. արդյոք Ադրբեջանի տարածքով անցնելիս Հայաստանի պետության քաղաքացիները և Հայաստանի պետության քաղաքացիներին պատկանող բեռները նույն ընթացակարգով են գնալու (գլուխս չհարդուկեք փաստաթղթի մեջ «ինքնիշխան», «հայելային» և այլն, և այլն ձևակերպումներով)։ Կոնկրետ հարց եմ տալիս. ըստ ձեր թվարկած տեղեկությունների, տվյալների, ընդունված որոշումների և օրենքների՝ Հայաստանի Հանրապետության տարածքով Ադրբեջանի քաղաքացիները անցնելուց հայ սահմանապահի հետ չեն առնչվելու. դա ասել է Ալիևը, դա փաստացի հաստատել եք դուք բոլորդ՝ ՔՊ-ականներդ։
Հիմա ես հարցնում եմ. եթե ամեն ինչ այդքան հայելային է, կարո՞ղ է Ադրբեջանի տարածքով այդպես չլինի։ Բացատրեմ, ինչի եմ հարցը տալիս. որովհետև ձևակերպում են, որ ֆրոնտ օֆիս, բեք օֆիս, այսինքն՝ երբ մարդու գործոնը, մարդու առնչությունը սահմանին բացակայում է, այսինքն՝ բերում են, ինչ-որ սարքի ID-ն են մոտեցնում և այլն, և այլն։ Իրենք ներկայացնում են, որ Հայաստանի Հանրապետության բոլոր սահմանները, սահմանն անցնելու կետերը առաջիկայում դառնալու են այդպես։ Հիմա ես հարցնում եմ. կարո՞ղ է այնպես ստացվի, որ եթե Ադրբեջանը տրամադրի Հայաստանի քաղաքացիների և մեր բեռների համար իր տարածքով անցումը, դուք այդ ժամանակ կանգնեք, ասեք՝ դե գիտեք ինչ, փաստաթղթի մեջ գրած է հայելային և ինքնիշխան և այլն, բայց դե հասկանում եք, Ադրբեջանը դեռ չի հասել զարգացման այն մակարդակին, որ իրենց սահմանային անցման կետերն էլ լինեն էլեկտրոնային, ֆրոնտ օֆիս, բեք օֆիս տրամաբանության մեջ։ Դե, դրա համար ստիպված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պատկանող բեռները Ադրբեջան մտնելուց դիմավորելու են ավտոմատավոր զինված անձինք։ Այն նույն անձինք, ովքեր Արցախի դրոշն էին քերում մեքենայի վրայից, երբ մեքենայում ընտանիքի անդամներ կային, անչափահաս երեխաներ, կանայք կային և այլն։ Այն, այն նույն զինված ադրբեջանցիները, ովքեր սպանել, տանջել են մեր հայրենակիցներին, գերեվարել են ու մինչև հիմա ապօրինաբար պահում են Բաքվի բանտերում։ Կարո՞ղ է հանկարծ այդպես ստացվի ինչ-որ ժամանակ հետո։
Տառապանքս փորձ ունի․ ես գիտեմ, թե դուք, կներեք բառիս համար, ինչ «կռուտիտներով» եք սովորաբար փորձում խաբել մեր քաղաքացիներին։ Դրա համար գլխանց հարցնում եմ. կա՞ որևէ մեկը, ով կերաշխավորի, որ ոնց Հայաստանի տարածքով է անցնում ադրբեջանական բեռ կամ Ադրբեջանի քաղաքացի, լրիվ նույն ձևով անցնելու է Ադրբեջանով՝ առանց առնչվելու իրենց սահմանապահին, «աութսորս» արած ֆրոնտ օֆիս, բեք օֆիս պատմություններով և այլն, և այլն։
Այս հարցը՝ մեկ։
Հարց համար երկու։ Տարիներ առաջ Փաշինյանին Ազգային ժողովում հարցրեցին հետևյալը՝ արդյոք Հայաստանի տարածքով Ադրբեջանը հնարավորություն կունենա (գործընկերներից մեկն էր հարցրել) զինամթերք, սպառազինություն տեղափոխել Ադրբեջանից Ադրբեջան, այսինքն՝ Ադրբեջանից Նախիջևան։ Փաշինյանը դրան պատասխանեց, որ ամեն ինչ լինելու է հայելային, ու եթե Հայաստանը Ադրբեջանի տարածքով կարողանա սպառազինություն տեղափոխել իր տարածք, ապա նույնը կկարողանա անել նաև Ադրբեջանը։ Հիմա բացատրեմ, որտեղ է այստեղ աբսուրդը։
Ուրեմն, Հայաստանից Հայաստան անցումը Ադրբեջանի տարածքով, այսպես կոչված, ուղիղ քիչ թե շատ գիծն է Երևանից դեպի Մեղրի կամ Երասխից Մեղրի։ Այդտեղ, տարբեր հաշվարկներով, մոտ 100 կիլոմետր է կրճատվելու ճանապարհը։ Բայց մյուս պարագայում պատմությունը լրիվ այլ է. այսինքն՝ մենք Երևանից Մեղրի սպառազինություն, զինտեխնիկա և այլն՝ հիմա էլ ենք տեղափոխում, միշտ տեղափոխել ենք և միշտ տեղափոխելու ենք այն ճանապարհներով, որոնք կան ՀՀ տարածքով։ Եթե դա սկսենք անել Ադրբեջանում, շահելու ենք 100 կմ մոտ։ Այսինքն՝ այլընտրանքը մենք ունենք, ու այլընտրանքը համարյա չի տարբերվում, հիմա էլ է։
Լրիվ այլ պատմություն է Ադրբեջանից Նախիջևան սպառազինություն և զենքեր տեղափոխելու համար։ Դա իրականացնելու համար Ադրբեջանը պետք է դիմի երրորդ երկրների՝ Իրանի, Թուրքիայի միջոցով… Ես չեմ խորանում, թե մինչև հիմա զորավարժությունների պատրվակով ոնց են տեղափոխել, չեմ խորանում, որ առկա են պայմանագրեր Նախիջևանում որոշակի սպառազինության արտադրությունների. այդ առանձին խոսակցություն է։ Հիմա ես ուղիղ հարց եմ տալիս. Հայաստանի Հանրապետությունը տեղյակ լինելո՞ւ է, որ Հայաստանի տարածքով Ադրբեջանից Նախիջևան զենք, զինամթերք, սպառազինություն է տեղափոխվում։ Եթե տեղյակ լինելու է, ըստ ձեր ասածի՝ ստացվում է, որ տեղյակ է լինելու, կարողանալո՞ւ է ասել՝ չէ, իմ տարած տարածքով զենք մի անցկացրու Նախիջևան։ Նորից եմ ասում, հիմարությունները, թե իրենք էլ մեզ կթողնեն, տեղին չեն, որովհետև մենք հիմա էլ ենք կարողանում տանել շատ հեշտ, շատ անվտանգ՝ մեր երկրի տարածքով։ Այդ 100 կմ-ի կարգի շահելը հաստատ համեմատելի չի այն ռիսկերի հետ, երբ դու քո տարածքով թույլ ես տալիս, որ Ադրբեջանը Նախիջևանում զենք, զինամթերք, սպառազինություն կուտակի։ Ու սա բացարձակ ռազմատենչության կամ պատերազմի նախապատրաստվելու հետ կապ չունի. սա տարրական անվտանգություն է։ Կարծում եմ՝ սա բացատրելու կարիք չկա։
Հիմա այս երկու հարցի պատասխանն է պետք. մեկ՝ արդյոք Ադրբեջանով անցումը հողի վրա, իրականության մեջ, նույն կերպ է լինելու, ինչպես ադրբեջանցիների անցումը Հայաստանով, և երկրորդ՝ Հայաստանը առհասարակ տեղյա՞կ է լինելու, եթե Ադրբեջանը որոշի այդ ճանապարհով սպառազինություն անցկացնել Նախիջևան, և եթե տեղյակ է լինելու, կարողանալո՞ւ է խոչընդոտել դրան, թե նախօրոք պայմանավորվե՞լ եք, որ սպառազինություն անցկացնել չի կարելի։
Պատասխանների երկու տեսակ կա. մեկ՝ բանավոր քաղաքական հայտարարություն, դրա արժեքը շատ ցածր է ՔՊ-ի պարագայում, բայց այնուամենայնիվ՝ հետագայում կկարողանանք ապացուցել, որ սուտ էին խոսում։ Եվ երկրորդ, որը ավելի արժանահավատ կլինի՝ գրավոր փաստաթուղթ, որտեղ ֆիքսված են մեզ ասածների պատասխանները։ «Լոլոներ» չկարդալ, հեքիաթներ չպատմել, հստակ տալ պատասխաններ այս երկու հարցին, որովհետև դրանք շատ էական են»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: