Հայաստանի հարցը Յալթա–2-ում

Հայաստանում կա համոզում՝ բավականին տարածված, որ Ռուսաստանն արդեն «խաչ է քաշել» Նիկոլ Փաշինյանի վրա եւ նրանից այլեւս չունի ոչ մի ակնկալիք։ Այլ կերպ ասած՝ նրան «դուրս են գրել»։ Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչի՞ համար են այն վերջնագրերը, որ շարունակվում են ԵԱՏՄ–ԵՄ թեմայով։ Եթե Նիկոլ Փաշինյանին «դուրս են գրել» կամ նրա վրա «խաչ քաշել», ապա այլեւս պետք է հաջորդեն որոշումներ, որոնք «կիմպլեմենտացնեն» նրա վերաբերյալ այդ վճռորոշ մոտեցումները։ Բայց, մենք տեսնում ենք, որ Մոսկվան՝ ԵԱՏՄ մյուս միավորների հետ, կարծես թե «մուկնուկատու» է խաղում Հայաստանի կամ Փաշինյանի հարցում։

Հետեւաբար, դա նշանակում է, որ վերը նշածս ընկալումները կարող են հեռու լինել իրականությունից, չլինել ճշգրիտ, չարտացոլել քաղաքական իրադրության էությունը։ Այդ դեպքում ո՞րն է տվյալ էությունը։ Սա դիտարկելու համար պետք է թերեւս խնդիրները շոշափել առավել լայն ընդգրկումով։ Երեկ Սանկտ Պետերբուրգում Պուտինի հետ բանակցել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆֆը։ Թեեւ առերեւույթ այդ բանակցությունը պետք է լիներ ուկրաինական կարգավորման թեմայով, այդուհանդերձ մեծ է հավանականությունը, որ բուն քննարկումներն առաջիկայում սպասվող եռակողմ գագաթնաժողովի մասին են, դրա նախապատրաստության կամ համաձայնեցման։ Նոյեմբերին Չինաստանում կայանալու է Ասիախաղաղօվկիանոսյան կազմակերպության գագաթնաժողովը եւ դրան մասնակցելու մասին են հայտարարել Պուտինն ու Թրամփը։ Ավելին, Թրամփը նաեւ բացահայտ հավանական է համարել Պուտինի ու Ցզինպինի հետ եռակողմ գագաթնաժողովը, որն արդեն միջազգային փորձագիտական շրջանակներում բնորոշվում է Յալթա–2, ասել է թե՝ նոր աշխարհակարգի «հիմնարկեք»։ Գուցե այդ բնորոշումը չափազանցված է, բայց ընդհանուր գնահատականը թերեւս անվրեպ է։

Ըստ էության, հայ-ռուսական հարաբերության «ճակատագիրը» կարող է վճռվել հենց այդ պրոցեսում։ Խոսքը լոկ այդ հնարավոր եռակողմ հանդիպման մասին չէ միայն, քանի որ այդ հանդիպումով ավելի շուտ կդրվի պրոցեսի հիմք, այլ ոչ թե լուծում կստանան բոլոր հարցերը։ Քանի դեռ այդ պրոցեսը չի հասել իր որեւէ հանգրվանային փուլի, թերեւս ժամանակավրեպ է խոսել, որ Հայաստանում իշխանության հարցում Ռուսաստանն, օրինակ, կարող է ունենալ ձեւակերպված երկարաժամկետ դիրքորոշում։ Հարցն այստեղ այն չէ՝ Ռուսաստանը վստահում է Փաշինյանին, թե ոչ։ Ռուսաստանը, կամ Պուտինը, կամ Կրեմլը, ինչպես կուզեք, բայց հարցը վստահությունը չէ։ Հարցն այն է, որ Հայաստանի իշխանության հանդեպ Մոսկվայի առավել հիմնարար մոտեցումները կարող են ձեւավորվել միայն այն դեպքում, երբ կուրվագծվի նոր աշխարհակարգում հայ-ռուսական հարաբերության դերն ու տրամաբանությունը։ Ընդ որում, Հայաստանի իշխանության հարցն ավելի լայն հասկացություն է այս համատեքստում, քան պարզապես Նիկոլ Փաշինյանի հարցը։

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Նկարազարդումը ստեղծվել է ԱԲ տեխնոլոգիայի միջոցով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment