Ryanair-ի ղեկավարը կանխատեսում է, որ 2027 թվականին Եվրոպայում ավիատոմսերի գները ռեկորդային աճ կգրանցեն

Իռլանդական ցածրարժեք Ryanair Holdings Plc ավիաընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մայքլ Օ’Լիրին կանխատեսում է, որ 2027 թվականին Եվրոպայում ավիատոմսերի գները պատմության մեջ ռեկորդային աճ կգրանցեն։

Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմը նպաստում է նավթի բարձր գների պահպանմանը, իսկ ավիափոխադրողները ստիպված են վառելիքի աճող ծախսերը փոխանցել ուղևորներին։

Հաջորդ տարի ավիատոմսերը կարող են թանկանալ 20%-ով, հայտարարել է Օ’Լիրին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Միևնույն ժամանակ, ավիաընկերությունների շահութաբերությունը, այնուամենայնիվ, կնվազի, քանի որ նույնիսկ վառելիքի հավելավճարի բարձրացումը չի կարողանա ամբողջությամբ փոխհատուցել ծախսերի աճը:

«Առաջիկա 12 ամիսների ընթացքում մենք, հավանաբար, կտեսնենք Եվրոպայի պատմության մեջ ավիատոմսերի գների ամենազգալի աճը։ Հարցն այն է, թե արդյոք դա բավարար կլինի վառելիքի ծախսերի կտրուկ աճը ծածկելու համար։ Ես այդպես չեմ կարծում», – ասել է Ryanair-ի ղեկավարը։

Օ’Լիրիի խոսքով՝ եվրոպական ավիափոխադրողների մեծ մասը, այդ թվում՝ Ryanair-ը բավարար չափով պաշտպանված չէ նավթի գների աճից՝ հեջավորման գործիքների միջոցով։ Նա նաև նշել է, որ որոշ երկրներում ընկերությունները բախվում են լրացուցիչ դժվարությունների, այդ թվում՝ հարկերի բարձրացման, ինչը լրացուցիչ վատթարացնում է ոլորտի հեռանկարները։

Օ’Լիրին քննադատել է այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիան և Բելգիան, ավիացիոն շուկայի կարգավորումը։ Հարկերի բարձրացմանն ի պատասխան՝ ընկերությունը մտադիր է կրճատել իր ներկայությունն այդ երկրներում։ Նա կրկին հայտարարել է, որ եվրոպական ավիացիոն ոլորտում համախմբման գործընթացը կշարունակվի, քանի որ ավելի թույլ ավիափոխադրողների համար բարձր ծախսերի պայմաններում գոյատևելն ավելի է դժվարանում։

Փետրվարի վերջին սկսված՝ Մերձավոր Արևելքի ռազմական հակամարտության հետևանքով ամբողջ աշխարհում ավիաընկերությունները բախվել են ավիացիոն վառելիքի գների կտրուկ աճին։ Սեպտեմբերին Ryanair-ը նվազեցրել է ընթացիկ ֆինանսական տարվա ուղևորահոսքի տարեկան կանխատեսումը և հայտարարել ձմեռային սեզոնին առաջարկվող ուղևորատեղերի քանակը կրճատելու մտադրության մասին, քանի որ այդ ժամանակահատվածում պահանջարկը սովորաբար ավելի ցածր է։

2026 թվականի սկզբից Ryanair-ի շուկայական կապիտալիզացիան նվազել է 24.6%-ով։

Leave a comment