Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավորներն անդրադարձան այս իշխանության իրականացրած զիջումներին։
«Այս իշխանությունը մի ամբողջ զիջումների շղթա է իրականացրել, եւ ես չեմ զլանա, կհիշեցնեմ։ Հայաստանի զինված ուժերը 2020 թվականի դեկտեմբերին ձեր կառավարության ղեկավարի բանավոր փոխըմբնումով հետ քաշվեցին Սյունիքում զբաղեցրած դիրքերից։ 2021 թվականի մայիսի 12-ին ադրբեջանական ուժերն առանց դիմադրության ներխուժեցին Սեւ լիճ ու Գեղարքունիքի մարզ»,- ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը՝ այլ փաստեր եւս ներկայացնելով։
Մանրամասները՝ տեսանյութում
«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն էլ ասաց․ «Դուք ասում եք՝ ի՞նչ ենք զիջել, երեւի 10 րոպե կպահանջվի բոլոր զիջումները ներկայացնելու համար։ Ինչ վերաբերում է հարցին, թե այդ համաձայնագրով ինչ եք զիջում, Ադրբեջանին զիջում եք անխոչընդոտ ճանապարհ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ի պատասխան ասաց․ «Եկեք արձանագրենք, որ ինչպես ակնկալում էի, այդպես էլ չտեսանք, թե ՀՀ կառավարությունը ՀՀ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքից ինչ է զիջել Ադրբեջանին։ Այո, Ադրբեջանը վերահսկողություն ունի մեզ հայտնի Ջերմուկի հատվածում, այլ հատվածների նկատմամբ, բայց սա չի նշանակում, որ մենք զիջել ենք։ Հայտարարել ենք, որ մեր ինքնիշխանությունն այդ տարածքների վրա պետք է վերականգնվի, եւ վերականգնման եղանակը սահմանազատման աշխատանքներն են։ Եվ նույն մոտեցումն էլ ունի Ադրբեջանն այդ եւ այլ տարածքների նկատմամբ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծն արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը։ Հայտարարվեց, որ այն ներառվում է առաջիկա քառօրյա նիստերի օրակարգ։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: