«Էկոցիդ» Սյունիքում․ Ադրբեջանական զինուժը «Շիկահող» արգելոցում հատել է 60 հեկտար անտառ և ընդլայնել դիրքերը

Ադրբեջանական զինված ուժերն ամրապնդվել են Հայաստանի Սյունիքի մարզի «Շիկահող» պետական արգելոցի տարածքում՝ հատելով հեկտարներով անտառներ՝ ճանապարհներ, կացարաններ և ամրաշինական դիրքեր կառուցելու համար։ Այս մասին հայտնում է «Ազատություն» լրատվական ծառայությունը՝ հղում անելով տեղի բնակիչների ու փորձագետների ահազանգերին։

Հայաստանի երկրորդ խոշորագույն անտառային արգելոց հանդիսացող «Շիկահողում», որտեղ աճում են շուրջ 1100 բուսատեսակներ և բնակվում են Կարմիր գրքում գրանցված կենդանիներ, ադրբեջանական ուժերն առաջին անգամ ներխուժել էին 2021 թվականին՝ առաջանալով Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ։ Այդ ժամանակվանից ի վեր սահմանամերձ արգելոցային հատվածները վերածվել են ադրբեջանական մարտական դիրքերի և դրանք իրար կապող ճանապարհների։ Տեղի բնակիչների փոխանցմամբ՝ ադրբեջանցի զինվորականները հատում են ծառերը, կառուցում գետնափոր կացարաններ, իսկ փայտանյութն օգտագործում թե՛ շինարարության, թե՛ որպես վառելիք։ Բացի այդ, գյուղացիները նշում են, որ ադրբեջանցի զինվորները որսում են Կարմիր գրքում գրանցված կենդանիներին, մասնավորապես՝ բեզոարյան այծերին և արջերին։

Արբանյակային լուսանկարների միջոցով տարածքը մշտադիտարկող անտառագետ Այսեր Ղազարյանի տվյալներով՝ Ադրբեջանն արդեն ոչնչացրել է շուրջ 60 հեկտար անտառ՝ հատելով մոտ 17,000 խորանարդ մետր խիտ կաղնի և հաճարենի, ընդ որում՝ ապօրինի ծառահատումները չեն դադարում։ Փորձագետի գնահատմամբ՝ շուրջ 3,200 հեկտար գտնվում է ուղիղ նշանառության տակ, իսկ ավելի փոքր հատված՝ դիտարկման և մինչև 60 մմ ականանետերի կրակի տակ։ Նա տեղի ունեցածը որակել է որպես «էկոցիդ» Հայաստանի բնական ժառանգության դեմ։ Ղազարյանը նաև հայտնել է, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կայքում միջազգային գործընկերների հետ պատրաստված ինտերակտիվ քարտեզից դուրս էր մնացել «Շիկահողի» շուրջ 360-380 հեկտար հատված, ինչից հետո քարտեզն անջատվել է տեխնիկական ճշգրտման նպատակով։

Չնայած Ադրբեջանի դեմ պաշտոնական դատապարտող հայտարարություններ չեն հնչել, ծառահատումների փաստը հաստատել են ՀՀ զինված ուժերի և կառավարության ներկայացուցիչները։ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը նշել է, որ որտեղ ամրաշինական կառույցներ են հիմնվում, խոչընդոտող ծառերը հատվում են։ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հրաժարվել է տեղի ունեցածը «աղետ» անվանել՝ այն որակելով որպես վնաս էկոհամակարգին և նշելով, որ ամբողջական ծավալը հնարավոր կլինի գնահատել միայն սահմանազատումից հետո։ Նախարարն ընդգծել է, որ կառավարության առաջնահերթությունը խաղաղության օրակարգն է, մինչդեռ անտառագետ Այսեր Ղազարյանը պնդում է, որ հարցի բարձրացումը չի խաթարի բանակցությունները, և առաջարկում է Երևանում սպասվող ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության համաժողովը (COP17) օգտագործել որպես հարթակ՝ ադրբեջանական զորքերի դուրսբերմանը հասնելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment