Ժողովուրդը սոված մեռնում է, կոտորվում, իսկ Փաշինյանն ասում է՝ ժողովրդի վիճակը բարելավվել է

«20 տարեկանից աշխատել եմ այս գործարանում՝ մինչև դրա կանգնելը։ Երեք տարի է՝ աշխատավարձ չենք ստանում։ Մեր պետությունն ի՞նչ է մտածում։ Դիմում եմ մեր վարչապետին․ նրա երկրպագուն եմ եղել, նրա ընտրողը, ամեն ինչ արել եմ։ Այս ժողովուրդը սոված մեռնում է, կոտորվում, իսկ նա ասում է, որ ժողովրդի վիճակը բարելավվել է։ Ինչպե՞ս է բարելավվել, եթե երեք տարի է՝ աշխատավարձ չենք ստանում։ Աշխատավարձիս պարտքը հասել է երեք միլիոն դրամի»,- այսօր «Հրազդան ցեմենտ» գործարանի աշխատակիցների կազմակերպած բողոքի ցույցի ժամանակ լրագրողներին ասել է գործարանի աշխատակից Սուրիկ Սողոմոնյանը։

Մեկ այլ աշխատակից էլ նշել է, որ որքան շուտ վերաբացվի գործարանը, այնքան շուտ հնարավոր կլինի լուծել հանրապետությունում ցեմենտի դեֆիցիտի խնդիրը։

 

«Դեֆիցիտ կա։ Եթե կարող ենք ապրանքը տեղում արտադրել և զարգացնել ներքին շուկան, ինչո՞ւ ենք այսօր վրացիների ու պարսիկների շուկան զարգացնում։ Նրանց ենք հարստացնում՝ մեր հարստանալու փոխարեն։ Մեր ուզածն այն է, որ գործարանը հնարավորինս շուտ բացվի, ավելի շատ վաստակենք, աշխատատեղերն ավելանան։

Պետությունը չպետք է այս գույքը թթու դնի, այլ պետք է հանձնի մեկին, ով կաշխատեցնի այն։ Եթե այսպես շարունակվի, պատերը կփլվեն, ամեն ինչ կչորանա, իսկ աշխատողներից յուրաքանչյուրը կհեռանա՝ Ռուսաստան, Եվրոպա կամ այլ երկրներ։ Պետք է աշխատենք ու զարգացնենք մեր տնտեսությունը։

Ուզում ենք իմանալ՝ պետությունն այս գույքը վաճառո՞ւմ է, ե՞րբ է վաճառելու, վաճառո՞ւմ է, թե՞ ոչ»,- ասել է աշխատակիցը։

Գործարանի մեկ այլ աշխատակից ևս նկատեց, որ, հավանաբար, կան մարդիկ, որոնց ձեռնտու չէ գործարանի աշխատանքը.

«Իսկ այս գործարանն առնվազն 10 հազար մարդու աշխատանքով է ապահովում։ Սա պետության համար ամենաօգտակար գործարանն է։ Այստեղ ինչ-որ խաղեր են ընթանում, բայց չգիտեմ՝ ինչ խաղեր։ Մի դատավորի հարց անգամ չեն կարողանում լուծել։ Ո՞վ դատավորին թույլ չի տալիս ստորագրել։ Ուրեմն՝ ինչ-որ մեկը կողքից նեղում է դատավորին»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment