ԵՄ-ում վառելիքի գները մեկ տարվա ընթացքում 31%-ով աճել են

ԵՄ-ում վառելիքի և քսայուղերի գները սեպտեմբերին 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 31.4%-ով։ Գների աճն արձանագրվում է առնվազն արդեն երրորդ ամիսն անընդմեջ:

ԵՄ վիճծառայության տվյալների համաձայն՝ հուլիսին տարեկան աճը կազմել է 16.9%, իսկ օգոստոսին՝ 23.8%։ Նշվում է, որ սեպտեմբերին վառելիքի գների ամենաբարձր տարեկան աճն արձանագրվել է Բուլղարիայում՝ 42.2%, Էստոնիայում՝ 40.6%, և Լիտվայում՝ 40.2%։ ԵՄ ևս 12 երկրում ցուցանիշը գերազանցել է 30%-ը։

Զեկույցում նշվում է, որ սեպտեմբերին ԵՄ-ում բենզինի գներն օգոստոսի համեմատ աճել են 6.7%-ով, իսկ դիզելային վառելիքինը՝ 5.9%-ով։ Այդ ժամանակահատվածում բենզինն ու դիզելային վառելիքը թանկացել են միության 26 երկրում։

Հոկտեմբերի սկզբին Agence France-Presse-ը հաղորդել էր, որ Եվրամիությունում դիզելային վառելիքի միջին գինը հասել է մեկ լիտրի դիմաց 2.24 եվրոյի՝ սահմանելով նոր ռեկորդ։ Ընդհանուր ռեկորդից բացի, այդ ժամանակ վառելիքի գների պատմական առավելագույն մակարդակ էր գրանցվել նաև ԵՄ 12 երկրում, այդ թվում՝ Բելգիայում, Իտալիայում, Լեհաստանում և Ռումինիայում։

Leave a comment