«Իմ կադրն է եղել, դժգոհություն չեմ ունեցել»․ Շենգավիթի թաղապետը՝ օգնականի աշխատանքի ու կալանավորման մասին

Հասարակություն

21.10.2026 | 18:38

Ձերբակալվել և կալանավորվել է Շենգավիթի թաղապետի օգնական Կարեն Հակոբյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեից Factor.am-ին հայտնեցին, որ կաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում բացի օգնականից ձերբակալվել են մի շարք անձինք։

Մեր տեղեկություններով՝ Կարեն Հակոբյանը ներգրավված է եղել գնումների կազմակերպման գործընթացում։

Ռոմիկ Մխիթարյանը այս հուլիսին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից տեղափոխվեց Շենգավիթի թաղապետարան՝ դարձյալ ղեկավարի պաշտոնի համար։ Factor.am-ի հետ զրույցում Մխիթարյանն ասաց, որ կալանավորված պաշտոնյան իր կադրն է եղել, նրան Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանից է տարել իր հետ։

«Ինքը նորմալ աշխատել է, դժգոհություն չեմ ունեցել։ Ես դեռ չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը, նախաքննություն է ընթանում, մի երկու օրից պարզ կլինի»,- ասաց Մխիթարյանը։

Թաղապետը նշեց որ իրավապահները չեն խուզարկել թաղապետարանը, պարզապես գնումների փաստաթղթերն են առգրավել։ Դա տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին։

Արփի Հակոբյան

Leave a comment