Ռուբեն Հայրապետյանի՝ ենթադրյալ ապօրինի գույքի գործով լրացուցիչ գույքային պահանջի մասով, Ռուդոլֆ Ավագյանը որոշում կկայացնի վերջնական դատական ակտով

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր Ռուդոլֆ Ավագյանի նախագահությամբ շարունակվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին եւ նրա ընտանիքի անդամներին վերաբերող ենթադրյալ ապօրինի գույքի գործով նիստը։

Այսօրվա նիստում ավարտվեց պաշտպանական կողմի միջնորդության քննարկումը՝ Ռուբեն Հայրապետյանից եւ նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա՝ դատախազության կողմից լրացված գույքի մասով վաղեմության ժամկետ կիրառելու մասին։ Դատավորը հայտարարեց, որ այս մասով առանձին որոշում չի կայացնի։ Որոշումը կներառվի վերջնական դատական ակտում։

Հիշեցնենք, Սահմանադրական դատարանի որոշումից հետո, դատախազությունն այս գործով էապես փոփոխեց իր հայցը՝ համապատասխանեցնելով այն սահմանադրական դատարանի որոշմանը եւ համալրելով հիմքը նաեւ այն հանգամանքով, որ Ռուբեն Հայրապետյանը 1996 թվականին եղել է Ավանի թաղապետ։ Նաեւ համալրվեց բռնագանձման գույքերի ցանկը։ Պատասխանող կողմն ի սկզբանե առարկում է։ Դատարանը թույլատրեց լրացումները։

Պաշտպանական կողմը հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել, քանի որ օրենքի համաձայն, եռամյա ժամկետ է սահմանվում ուսումնասիրություն կատարելու հայց ներկայացնելու համար: Տվյալ դեպքում, պաշտպանական կողմի պնդմամբ, սկզբնական հայցը ներկայացվել էր ժամկետի վերջին օրը․ 2020 թվականի հոկտեմբերի 7-ին սկսվել էր ուսումնասիրությունը, եռամյա ժամկետը լրացել էր 2023-ի հոկտեմբերի 9-ին հայցադիմումը ներկայացվել էր դատարան։ Այսինքն, դրանից հետո հայցապահանջը ավելացնել, այլևս հնարավոր չէ։

Պաշտպանական կողմի պնդմամբ, բռնագանձվող գույքի համալրումը ինքնին նոր հայցապահանջ է, ուստի, ըստ էության, նոր հայց է ներկայացրել դատախազությունը, հետևաբար հայցային վաղեմության կանոններով պետք է դրան գնահատական տրվի:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ դատավորի նման որոշումն արդյոք նշանակում է, որ «ծանր հարվածը» դատավորը իր վրա է փորձում վերցնել, Ռուբեն Հայրապետյանի շահերի ներկայացուցիչ Վահագն Դալլաքյանն ասաց․ «Հենց հայցային վաղեմության հարց մենք նախկինում չէինք բարձրացրել, որովհետև ինչպես նշեցի՝ հայցադիմումը ներկայացվել էր այդ եռամյա ժամկետի վերջին օրը: Ժամկետների վաղեմության հարցեր մենք քննարկել ենք, բայց այստեղ հենց հայեցային վաղեմության հետ գործ ունենք և մենք ակնկալում էինք, որ դատարանը պետք է լուծում տա այդ հարցին։ Ամեն դեպքում հետաձգեց իր լուծումը մինչև վերջնական դատական ակտի կայացումը: Նման դատավարական հնարավորություն, իհարկե, կա բայց մեզ համար մի փոքր դա անակնկալ էր, որովհետև, կարծում ենք, որ ավելացված հայցապահանջների ծավալը, նոր պատասխանող ավելացնելը, այնքան էական է, որ ակնկալում էինք դատարանը դրան լուծում պետք է տա այս փուլում ոչ թե դրա լուծումը հետաձգի»։

Վահագն Դալլաքյան

Ճշտող հարցին՝ իր գնահատմամբ պատճառը ո՞րն էր, որ այս փուլում լուծումը չեղավ, ինչու է երկմտում դատավորը, ի՞նչ խնդիր կա, պաշտպանը պատասխանեց․ «Մի փոքր բարդ է գնահատել իր մոտիվացիան կամ իր ներքին համոզմունքը, բայց ամեն դեպքում, ես այս գործի օրինակով չբերեմ: Ընդհանրապես, նման հարցի լուծումը հետաձգելը մինչև վճռի կայացումը, կարող է երկու բանի մասին խոսել․ առաջինը, որ տվյալ պահանջը լրացուցիչ քննություն չի ենթադրում և դատարանը ինչ քննություն անելու էր, դա անելու է և, հետևաբար, հարցի լուծումը հետաձգում է, որպեսզի լրացուցիչ ակտ չկայացնի: Սա մեր դեպքը չի, որովհետև ակնհայտ տեսնում ենք լրացուցիչ գույքեր կան պահանջվող: Եվ մյուս դեպքը՝ մի փոքր հավանական է դարձնում, որ դատարանը, ցավոք, հակված է մերժելու միջնորդությունը։ Այսինքն, իր մտքում գուցե մտածում է, որ միևնույն է մերժելու եմ և ինչո՞ւ դրա մասին առանձին ակտ կայացնեմ, կարելի է դրան անդրադառնալ դատական ակտով։ Այսինքն, մերժելու եմ միջնորդությունը։

Ամեն դեպքում, կրկնեմ սա ընդհանրական դատողություններ են ընդհանրապես դատական պրակտիկայից բխող, կոնկրետ գործով, կոնկրետ դատավորի գործողությունների իրավաչափությանը այս փուլում մենք գնահատական չենք տալիս, որովհետև ինքնին դատավարական ընթացակարգը նախատեսում է այդ հնարավորությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment