«Թուղթ՝ բարաթ կա՞, թե ոչ»․ Արարատ Միրզոյանը հստակ չպատասխանեց

«Իսկ Հայաստանի ներպետական ապաշրջափակման համար համարժեք թուղթ կա՞։ Կա՞ թուղթ, որը Ադրբեջանի համար կունենա նույնպիսի պարտադիր բնույթ, ինչ ԹՐԻՓՓ-ը Հայաստանի համար։ Այլապես մենք ունենք մեծ ասիմետրիա՝ պարտադիր թուղթ եւ խոստում»,- ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի քննարկման ժամանակ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Միրզոյանն ի պատասխան ասաց․ «Սա հսկայական աշխարհաքաղաքական նշանակություն ունի։ Ինչո՞ւ, նախ որովհետեւ ՀՀ-ն ապաշրջափակվում է։ Մեր 35-ամյա պատմության մեջ մենք այսպիսի իրավիճակում չենք եղել։ Երկրորդ, սա ոչ միայն տրանսպորտային նախագիծ է, այլ, այո, կոչված է ամրապնդել խաղաղությունը եւ բխում է խաղաղությունից։ Ինքը կապում է երրորդ երկրներ, և այդ կապն անցնում է Հայաստանով, հետեւաբար, ունի նաեւ անվտանգային նշանակություն»։

Միրզոյանը հավելեց․ «Դուք ասացի՝ մենք չենք կարող չտալ, բայց տալիս ենք։ Պարոն Խաչատրյան, ոչ թե չենք կարող, մենք ուզում ենք, հասկանո՞ւմ եք, որովհետեւ առաջին հերթին ստանում ենք։ Դուք ուզում եք, որ մենք անընդհատ ստանանք ու ոչինչ չտանք, այդպես չի լինում։ Իսկ մենք արդեն ստանում ենք, մեր բեռներն արդեն անցնում են Ադրբեջանով»։

Արթուր Խաչատրյանը կրկնեց հարցը․ «Ես ասում եմ՝ կա՞ թուղթ՝ բարաթ, որը Հայաստանին նույն ռեժիմով անխոչընդոտ անցում է տալիս Մեղրիից դեպի Արարատի մարզ եւ հակառակը»։

Արարատ Միրզոյանը հարցին հստակ չպատասխանեց․ «Դուք լուրջ մտածում եք, որ գնացքը կարող է գալ ԹՐԻՓՓ-ով անցնել, Մեղրիի տակով անցնել, մտնել Նախիջևան, եւ հետո չկարողանա՞նք գնացքի համար Երասխով Հայաստան շարունակություն ապահովել»։

Մանրամասները՝ տեսանյութում

«Թուղթ կա՞, թե ոչ»,- հարցրեց Արթուր Խաչատրյանը։

«Երեւակայությունը շատ վառ է, ներկայացնում եք մի բան, որը չեմ պատկերացնում, որ գոյություն ունենա։ Տենց չի կարող լինել, որ իրենց համար աշխատի այդ երկաթուղին, մեզ համար չաշխատի»,- արձագանքեց Միրզոյանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment