«ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահը և 3 տեղակալները հրաժարական տվեցին, ինչը, ինձ թվում է, շարունակական կլինի… Մենք դրա հետ կապված վախ ունենք, որովհետև կառույցը մեծ հաշվով, չեմ կարող ասել՝ իդեալական, բայց գոնե աշխատում էր այնպես, որ գիտնականն իր համար էր հանգիստ, կրթական հաստատությունն՝ իր։ Մենք առաջնահերթ հենց իրենց էինք դիմում ցանկացած խնդրի ժամանակ, ոչ թե իրար մեջ էինք փնտրում որևէ հարցի կարգավորում։ Օղակն այնպես էր աշխատում, որ գիտնականը գիտեր, թե կոնկրետ ում ինչ հարցով դիմի»,- պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե ինչ ազդակ են գիտական հանրությանը գիտության ոլորտի պաշտոնյաների հրաժարականները, նշեց Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի Բենզո(h)խինազոլինների սինթեզի լաբորատորիայի վարիչ, քիմիական գիտությունների թեկնածու Արփինե Հարությունյանը։
Գիտնականի ձևակերպմամբ՝ այդ պաշտոնյաների հրաժեշտի ուղերձային նամակները ինքնին ազդակ էին, որ մարդիկ եկել, կանգնել են մի կետում, որտեղից առաջ գնալու քայլեր չեն տեսել, կամ ձեռքերն են կապված եղել, կամ էլ դա իրենց սկզբունքներին շատ է հակասել: «Եթե հաշվի առնենք երեկվա հանդիպումը և այն, որ ընդհանուր հաշվով արդեն ունենք տեղակալ (Լիլիթ Մկրտչյանը նշանակվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ), որը կարող է ինչ-որ չափով այդ աշխատանքը կատարել, միգուցե ամբողջական պրոցեսը չխաթարվի։ Այստեղ արդեն նշանակված տեղակալի գործառույթն ամենամեծն է, այսինքն՝ թե ում են նշանակել, ինչ նպատակով, առաջիկա օրերին ավելի հասկանալի կլինի»,- հավելեց մեր զրուցակիցը։
Մեր հարցին, որ չնայած Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ղեկավարները հրաժարական են տալիս, բայց միևնույն ժամանակ շնորհակալություն են հայտնում իշխանություններին իրենց այդ պաշտոնը վստահելու համար, արդյոք եթե գաղափարական, գլոբալ հակասություններ ունեին, տարիներով կաշխատեի՞ն այդ պաշտոններում, Արփինե Հարությունյանն այսպես պատասխանեց. «Հակասություն լինելու պահից են իրենք ստորագրել հրաժարականը, հնարավոր չէր մարդուն երկու ամիս առաջ նշանակեին, դրանից հետո ինքը հրաժարական տար առանց հակասության կետի, իր պատկերացումների։ Կարծում եմ՝ այդ հարցն ավելի ճիշտ կլինի հենց իրենց ուղղել… Կան դեպքեր, որ ես ինքս էլ շնորհակալություն եմ հայտնում, որովհետև շնորհակալ չլինելն ապերախտություն կլինի։
Մենք իրոք գիտության մեջ հսկայական փոփոխությունների, քայլերի հաջորդականություն ենք տեսել, կապ չունի՝ դա մեզ որտեղ է տարել, բայց փաստացի 30 հազար աշխատավարձ ստացող գիտնականի աշխատավարձն ինչ-որ մի փուլում բարձրացրել, դարձրել է 50 հազար, ապա միանգամից դրանից հետո կտրուկ աճ է եղել։ Իհարկե, դրանք հիմնավորված էին՝ ատեստացիաներով են եղել, այլ կրիտերիաներ ու պահանջներ են ունեցել, բայց դա տրամաբանական լավարկում է եղել։ Վերջին տարիներին բոլոր գիտահետազոտական կենտրոնները, ուսումնական հաստատությունները հնարավորություն ունեցել և ստացել են մեծ թվով ժամանակակից սարք-սարքավորումներ։ Այդ հնարավորությունը գիտության պետական կոմիտեն՝ հիմա արդեն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, ստացել է, որովհետև կարողացել է պետության հետ աշխատել, լսված է եղել։ Հետևաբար՝ շնորհակալ չլինել չէին կարող։ Ես ինքս էլ՝ որպես լաբորատորիայի վարիչ, շնորհակալություն ասում եմ, երբ ի շահ լաբորատորիայի, ի շահ ինստիտուտի քայլեր են լինում։ Բայց երբ որ լինում է հակասություն, լինում է նաև կոնֆլիկտային վիճակ, դա էլ է բարձրաձայնվում։ Չի կարելի ամեն ինչ սևերի-սպիտակների բաժանել, ի վերջո սևերի-սպիտակների քաղաքում չենք»։
Հարցրինք՝ ֆինանսական սղությունը գիտության ոլորտում ինչպես կարող է անդրադառնալ սերնդափոխության վրա, իր տպավորությամբ՝ երիտասարդ գիտնականին ինչպես է հնարավոր պահել ակադեմիական համակարգում։ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի Բենզո(h)խինազոլինների սինթեզի լաբորատորիայի վարիչի խոսքով՝ այդ խնդիրը շատ արդիական է, քանի որ հատկապես բնագիտական ուղղություններով շատ մեծ հոսք կա բոլոր փուլերում։ «Վերջին տարիներին բալանսային իրավիճակ էր ստեղծվել, որոշակի ֆինանսական կայունություն էր ապահովվում, երիտասարդությունը տեսնում էր աճի քայլերը, հնարավորությունները։ Նույն արտասահմանում վերապատրաստումը միայն վերապատրաստում չէր, այդ մարդկանց նաև հնարավորություն էր տրվում միջազգային մակարդակով այլ գիտնականների հետ շփվել, այլ աստիճանի գիտություն անել և սովորել։ Այս փուլում մեր ամենամեծ վախը ոչ թե նոր եկող երիտասարդներն են, այլև արդեն 1-2 և ավելի տարի աշխատողները, որոնց վրա ջանք, էներգիա, գիտելիք է ներդրվել: Ցավոք, ֆինանսների սղությունը կարող է բերել նրանց հեռանալուն, ու մենք պետք է զրոյից կադր պատրաստենք, ինչը ժամանակի կորուստ է ու հետքայլ։
Վերջին տարիներին մենք ունեցել ենք ներգրավվածություն նաև դրսից՝ տարբեր գիտական աստիճանի և տարբեր որակային մակարդակի գիտնականների՝ բոլոր ոլորտներում։ Այստեղ ևս ունենք խնդիր, որովհետև կան մարդիկ, որոնք կապում էին իրենց ամեն ինչը Հայաստանի հետ, բայց այս 1-2 ամիսը բերեցին նրան, որ ոմանք հեռացան, որոշեցին, որ այստեղ կայուն չէ, ապագան չի կարող Հայաստանի հետ կապվել։ Ու խոսքը միայն հայազգի գիտնականների մասին չէ։ Մենք պետք է հասկանանք, որ միջազգային մակարդակով գիտական հանրության համար շատ նորմալ է, երբ թեկուզ կարճաժամկետ՝ դրսից էլ են լավագույններին ներգրավում։ Լավ կլինի, որ նրանք ասպիրանտական և postdoc ծրագրերով գան արտասահմանից, իրենք իրենց լաբորատորիաներն ու խմբերը հիմնեն Հայաստանում, մեր երկրում աշխատեն։ Այստեղ նաև այս մասով վտանգ ունենք»,- մանրամասնեց տիկին Հարությունյանը։
Նրանից հետաքրքրվեցինք, թե սահմանափակ ռեսուրսների պարագայում ինչպես են «մանևրում»։ «Հետսովետական տարիներն ավագ սերնդին սովորեցրել են մանևրելու տարբերակները, կոնկրետ իմ տարեկիցների պարագայում դա փոխանցվել է, չեմ կարող ասել՝ դա ճիշտ է, թե սխալ, բայց փաստ է, որ դա ցավալի է գիտականի համար, երբ ամեն օր պետք է մտածես վաղվա մասին։
Մի օրինակ էլ բերեմ. երբ ուսանող եմ ուղարկում Մոսկվա, ասում են՝ գիտենք, մենք նյութերը գրում էինք, հաջորդ օրը դրանք սեղանին դրված էին, իսկ Հայաստանում, եթե անգամ գումարային հնարավորությունը տրվում էր գնումներ անելու համար, միևնույն է՝ տենդերներով, գնման պլանով, խնդիրներով պայմանավորված՝ ամիսներով, անգամ տարիներով սպասում ենք այդ նյութերի հայթայթմանը և Հայաստան մտնելուն։ Մեր տարածաշրջանային վիճակը լուրջ լոգիստիկ խնդիրներ է առաջացնում, դրան գումարած նաև այն, որ մեր ընդհանուր մատակարարման հատվածի հետ կապված խնդիրները մի քիչ տարբեր են, արտոնություններ համարյա չկան։ Մենք հիմա փորձում ենք ամեն բան ավելի նվազագույնով անել, բայց եթե 10 տարի առաջ գուցե դա նորմալ էր ընկալվում, հիմա իրավիճակն այլ է: Եթե ես 6 տարի առաջ երիտասարդներին, որոնք ասպիրանտներ են, մագիստրոս, բակալավրի ուսանողներ, ասում էի՝ կարևորը լավ աշխատեք, ձեր գործը լավ արեք, այս ծրագրին դիմեք, այս մարդկանց հետ համագործակցեք, այժմ ասում եմ՝ փորձեք ձեր այս պահի պարտականությունները շատ մեծ դաշտով չդիտարկել, ինչը շատ վատ ազդակ է ոչ միայն մեր ունեցած հնարավորություններից, այլև վախերից եկող»,- նշեց գիտնականը։
Մեր զրույցի ավարտին Արփինե Հարությունյանն ընդգծեց, որ կուզենար գիտությունն ու կրթությունը ընկալվեին որպես Հայաստանի համար հիմնասյունային ու կարևոր համակարգեր, ու լիներ այն գիտակցումը, որ եթե ունենք կրթության թերացում, ուրեմն տանուլ ենք տվել գիտության մեջ: Ասաց, որ վստահ է՝ բոլոր գիտակից մարդիկ Հայաստանում հասկանում են սա, բայց բարձրաձայնումը գուցե ճիշտ չի արվում:
Նրա խոսքով՝ շատ ավելի վատ է, երբ ցանկացած բողոք կամ դրական խոսք դիտարկվում է որպես քաղաքական կողմնորոշում. «Իրականում և՛ գիտությունը, և՛ կրթությունը պետք է քաղաքականությունից զերծ լինեն»։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: