ԹՐԻՓՓ-ը հսկայական աշխարհաքաղաքական նշանակությամբ նախագիծ է. Միրզոյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԹՐԻՓՓ-ը հսկայական աշխարհաքաղաքական նշանակությամբ նախագիծ է: Այս մասին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում հայտարարեց Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցերին:
«ԹՐԻՓՓ-ի աշխարհաքաղաքական նշանակությունը առաջին հերթին կայանում է նրանում, որ Հայաստանը սրանով ապաշրջափակվում է: Մի բան, որ մեր 35-ամյա պատմության մեջ մենք այսպիսի իրավիճակում չենք եղել: ՀՀ-ն ապաշրջափակված չի եղել երբեք: Հետևաբար մեծ քաղաքական նշանակություն ունի: Երկրորդ, սա ոչ միայն տրանսպորտային նախագիծ է, այլ նաև Հայաստանի համար բացում է մեծ տնտեսական հնարավորություններ և կոչված է խաղաղությունն ամրապնդելու, ինչպես կոչված է և բխում է իր անվանումից՝ «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության»: Երրորդ՝ այն կապելու է երրորդ երկրներ՝ պայմանական Պորտուգալիան և Չինաստանը: Այս կապը անցնում է Հայաստանով, հետևաբար ունի նաև անվտանգային նշանակություն: Որովհետև պայմանական Պորտուգալիան կամ Չինաստանը շահագրգռված են, որ այս ուղու շուրջ տիրի շարունակական խաղաղություն և գնացքները ստաբիլ գնան ու գան: Չորրորդ՝ սա փոխկախվածության մեջ է դնում Հայաստանին ու Ադրբեջանին, ինչը ևս մի քարով ամրապնդում է խաղաղությունը»,-ասաց Միրզոյանը:
Միրզոյանը նաև նշեց, որ ինչպես Ադրբեջանը կարող է երկաթուղով բեռներ տեղափոխել Նախիջևան, այնպես էլ Հայաստանը կկարողանա Երասխից բեռներ տեղափոխել դեպի Մեղրի՝ Նախիջևանի տարածքով:
«Չի կարող այնպես լինել, որ Ադրբեջանի համար աշխատի երկաթուղին և մեր համար չաշխատի»,-ընդգծեց Միրզոյանը: