Ադրբեջանի ԱԳՆ–ն Թուրքիայի 31 քաղաքացու արգելել է մուտք գործել իր տարածք

Բաժանորդագրվել

Ավելի վաղ Ադրբեջանի դատախազությունը հետախուզում էր հայտարարել թուրք լրագրողներ Ռըդվան Քայայի, Զաքերիա Ջերանի և Ֆաթիհ Թեզջանի նկատմամբ:

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի ԱԳՆ-ն Թուրքիայի 31 քաղաքացու ընդգրկել է «սև ցուցակում» և արգելել է նրանց մուտքը երկիր:

Գերատեսչության հայտարարության համաձայն՝ պատճառը սոցիալական ցանցերում նրանց հրապարակումներն ու հայտարարություններն են, որոնք ուղղված են Ադրբեջանի ինքնիշխանության, ազգային անվտանգության ու ղեկավարության դեմ և բռնի իշխանափոխության և կրոնական թշնամանք բորբոքելու կոչեր են պարունակում։

Ցուցակում ընդգրկվել են «Նոր բարօրություն» կուսակցության նախագահ Ֆաթիհ Էրբաքանը, Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուն, HÜDA PAR կուսակցության ներկայացուցիչներ, լրագրողներ, բլոգերներ և կրոնական գործիչներ:

ԱԳՆ-ն ընդգծել է, որ Ադրբեջանի հանդեպ թշնամական կոչեր տարածող անձանց նկատմամբ միջոցառումները շարունակվելու են:

Ավելի վաղ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում էր հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացիների, այդ թվում՝ Haksöz Haber, Köklü Değişim և Değişim TV լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ՝ երկրում իշխանության բռնի զավթման կոչերի և կրոնական ատելության հրահրման գործով: Խոսքը վերաբերում է սոցիալական ցանցերում արված գրառումներին, ինչպես նաև Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսության և Անկարայում դեսպանատան մոտ տեղի ունեցած փողոցային ակցիաներին:

Leave a comment