Արաղչի․ ԱՄՆ-ն պետք է ընդունի Իրանի պայմանները Հորմուզի բացման համար

Հորմուզի նեղուցը փակ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Վաշինգտոնը չի ընդունել Թեհրանի պայմանները և համաձայնություն ձեռք չի բերվել։ Այս մասին Իրաքի Al-Iraqiya News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Հորմուզի նեղուցի վերաբերյալ մեր դիրքորոշումը չափազանց հստակ և հասկանալի է։ Մենք արդեն ասել ենք՝ քանի դեռ նեղուցի հարցում համաձայնություն կամ փոխըմբռնում չկա, այն բաց չի լինի բոլորի համար։ Ինչո՞ւ է Ամերիկան ընդհանրապես թույլատրում նավերին անցնել այն ջրային ճանապարհով, որտեղ պայմանավորվածությունների բացակայության պատճառով անվտանգության լուրջ խնդիրներ են առաջանում», —ասել է նախարարը։

Իրանի արտգործնախարարի խոսքով՝ նախքան այլ հարցերի շուրջ բանակցություններ սկսելը՝ ԱՄՆ-ը պետք է կատարի Իսլամաբադում ստորագրված փոխըմբռնման հուշագրով ստանձնած բոլոր պարտավորությունները։

Արաղչին կրկնել է, որ Իրանը ոչ մի դեպքում չի ենթարկվի ո՛չ տնտեսական պատժամիջոցներին, ո՛չ ռազմական սպառնալիքներին։ Միակ ընդունելի լուծումը դիվանագիտությունն ու բանակցություններն են։

Վերջին օրերին մի քանի լցանավ պայթել են՝ առանց իրանական կողմի թույլտվության նեղուցով անցնելիս։ Միայն նախօրեին ԻՀՊԿ-ն հայտնել էր երկու նավի մասին։

Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։ Հակամարտությունը մինչ այս պահը չի կարգավորվել։

Sputnik Արմենիա

Leave a comment