Պուտինի և Զելենսկիի հանդիպումը պարտադիր չէ Ուկրաինայի հարցով գործարքի համար․ Թրամփ

Քաղաքականություն

21.10.2026 | 11:08

Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկիի հանդիպումը պարտադիր չէ պատերազմը կարգավորելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Կարծում եմ՝ նրանք կարող են դա անել (խաղաղության համաձայնագիր ստորագրել) այլ կերպ։ Նրանց համար դժվար է նույն սենյակում գտնվելը։ Ինձ չի հետաքրքրում, թե ինչպես դա կիրականացվի»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Նա կրկին հայտարարել է, որ Ուկրաինան պետք է համաձայնի պատերազմը դադարեցնելու համար իրեն առաջարկված պայմաններին։

«Նա (Զելենսկին) պետք է ցանկանա գործարքի գնալ, կարծում եմ՝ նրա ժողովուրդն այլևս չի հանդուրժի այս իրավիճակը»,- ասել է Թրամփը։

Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ը մեծ աջակցություն է ցուցաբերել Ուկրաինային։

«Դրա դիմաց մենք բացարձակապես ոչինչ չենք ստացել՝ բացի վշտից, մահերից և հսկայական ֆինանսական կորուստներից»,-ասել է Թրամփը՝ հավելելով, որ ամերիկացի հարկատուները հոգնել են այս իրավիճակից։

Թրամփի պնդմամբ՝ Ուկրաինային ֆինանսական աջակցություն ցուցաբերելուց հոգնել են նաև Եվրամիության երկրները։

Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան՝ ԱՄՆ նախագահը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ընթացքում խնդրել է ազատ արձակել 73-ամյա ԱՄՆ քաղաքացի Սթիվեն Հաբարդին։ 2024 թվականի հոկտեմբերին Հաբարդը վարձկանության հոդվածով դատապարտվել է 6 տարի 10 ամիս ազատազրկման։ Ըստ հրապարակումների՝ նա ռուսական բանտում ենթարկվել է դաժան վերաբերմունքի։ Քննության տվյալներով՝ Հաբարդը 2014 թվականից բնակվել է Ուկրաինայում։ 2022 թվականի փետրվարին նա միացել է Խարկովի մարզի Իզյում քաղաքի տարածքային պաշտպանության ուժերին, իսկ նույն տարվա ապրիլին ձերբակալվել է ռուս զինվորականների կողմից։ AFP գործակալությունը հայտնել էր, որ Հաբարդը խոշտանգումների է ենթարկվել ռուսական բանտում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment