«Երեք տարեկանում կորցրեցի մորս՝ կրծքագեղձի քաղցկեղի պատճառով, ինչը հետագայում նպաստեց իմ հետաքրքրությանը չարորակ նորագոյացությունների նկատմամբ»․ պրոֆեսոր Լևոն Մկրտչյանը՝ քաղցկեղի դեմ պայքարի սկզբունքորեն նոր մոտեցման մասին

Aravot.am-ի «Առողջ առավոտ» նախագծի շրջանակներում ձեր ուշադրությանն ենք ներկայացնում պրոֆեսոր Լ․ Ն․ Մկրտչյանի՝ «Քաղցկեղի դեմ պայքարի սկզբունքորեն նոր մոտեցման մասին» հոդվածը։ Պրոֆեսորը շուրջ 300 գիտական աշխատանքի, 13 մենագրության, ՀՀ և ՌԴ 7 պատենտի հեղինակ է: Աշխատել է ԱՄՆ-ի և Եվրոպայի խոշորագույն համալսարանական և օնկոլոգիական գիտական կենտրոններում: Պատրաստել է բժշկական գիտությունների 20-ից ավելի դոկտոր և թեկնածու: Իր գիտական նվաճումների համար արժանացել է բազմաթիվ պարգևների՝ ոսկե մեդալների: Գիտնականն իր ազգանունը կրող՝ Մկրտչյանի անվան էմբրիոնալ հակաուռուցքային մոդուլյատորի ստեղծողն է (эмбрионального противоопухолевого модулятора (ЭПОМ-LM), որը գրանցված է ՌԴ գյուտարարների պետական ռեեստրում:

Երբ սովորում էի Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում՝ ֆիզիոլոգիայի և ախտաբանական անատոմիայի ամբիոնում, սկսեցի զբաղվել գիտական աշխատանքով։ Երկու տարի անց արժանացա Ստալինյան կրթաթոշակի և մնացի համալսարանում։

Հիվանդացության և մահացության հաճախականությամբ աշխարհում առաջին տեղը զբաղեցնում են սիրտ-անոթային հիվանդությունները (սրտամկանի ինֆարկտ, սրտամկանի նեկրոզ, ինսուլտ)։ Երկրորդ տեղում են չարորակ նորագոյացությունները: Միլիոնավոր մարդիկ տառապում են այդ հիվանդություններից:

Ես ծնվել եմ 1938 թվականին՝ բժշկի ընտանիքում։ Երեք տարեկանում կորցրեցի մորս՝ կրծքագեղձի քաղցկեղի պատճառով, ինչը հետագայում նպաստեց իմ հետաքրքրությանը չարորակ նորագոյացությունների նկատմամբ։ Խոշոր պետություններից՝ քաղցկեղով հիվանդացության հաճախականությամբ աշխարհում առաջին տեղերում են Չինաստանն ու Ռուսաստանը։ Չարորակ ուռուցքները (դրանց ավելի քան 150 տարատեսակներ կան) մարդկանց ավելի մեծ տառապանք են պատճառում, քան սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները։

Ուռուցքաբանական հիվանդությունների սկզբնական դրսևորումները, որպես կանոն, լինում են աննկատ։ Այդ պատճառով չարորակ ուռուցքի փաստաթղթավորված հաստատումը տեղի է ունենում ոչ թե հիվանդության սկզբնական փուլում, այլ III-IV փուլերում, երբ առաջանում է ուռուցքային ախտաբանության սրացում։ Ընդհանուր առմամբ, մոլորակի յուրաքանչյուր հինգերորդ բնակիչ մահանում է հիվանդության տարածման հետևանքով՝ քաղցկեղային բջիջների անվերահսկելի (անկառավարելի) բազմացման պատճառով:

Համալսարանն ավարտելուց հետո իմ կողմից Երևանում կազմվեց Ուռուցքաբանական գիտական կենտրոնը։ 1996 թվականին լրացավ դրա հիմնադրման 50-ամյակը։ Հոբելյանական միջոցառումներին Երևան էին ժամանել ականավոր հետազոտողներ աշխարհի տարբեր ծայրերից: Պաշտպանվեցին տասնյակ դոկտորական և թեկնածուական ատենախոսություններ։ Ավելի ու ավելի էր զգացվում ուռուցքաբանական ախտաբանության դեմ պայքարի առավել արդյունավետ դեղամիջոց ստեղծելու անհրաժեշտությունը։ Չարորակ նորագոյացությունների բնույթի վերաբերյալ գոյություն ունեցող տասնյակ տեսակետները չէին տալիս առաջադրված հարցերի պատասխանները։

Այդ տարիներին ամենամեծ հետաքրքրությունը կապված էր Կոնգեյմի (1882 թ.) կողմից առաջ քաշված՝ ուռուցքային աճի իրական բնույթի վերաբերյալ սկզբունքորեն նոր պատկերացման հետ։ Չնայած էական թերություններին՝ Կոնգերմի հայեցակարգն առավել մոտ էր քաղցկեղային հիվանդությունների անհայտ բնույթի բացահայտմանը։ Կոնգեյմը առաջ էր քաշում դիսէմբրիոգենեզի գաղափարը՝ սաղմնային հյուսվածքների չհասունացած բջիջներից առաջացած նախասկզբնական գոյացությունների բնածին տեղաշարժը, որոնք ունակ են անվերահսկելի (ինքնավար) բազմացման։

Չօգտագործված վիճակում այդ ուռուցքածին նախասկզբնական գոյացությունները երկար ժամանակ մնում են օրգանիզմում՝ քնած վիճակում և առանց էական փոփոխությունների։ Որոշ դեպքերում դրանք ենթարկվում են տարբերակման, բազմանում են՝ առաջացնելով դիստոպիկ օջախներ, որոնց բնորոշ է ուռուցքաբանական ռիսկը։ Այսպիսով, երիկամի կեղևի մակերեսային շերտերի բջջային կառուցվածքներից առաջանում են չարորակ ուռուցքներ։ Մարդու ընդհանուր ախտաբանության ոլորտում նման օրինակներ կարելի է բերել բազմաթիվ։

Չնայած իր ակնհայտ ինքնատիպությանը՝ Կոնգեյմի հայեցակարգը պատասխան չի տալիս ուռուցքային աճի ծագման բազմաթիվ առանցքային հարցերին։ Կոնգեյմի համակարգող հայեցակարգի համաձայն՝ թաքնված և զարգացման տարբեր աստիճանի կանխորոշված սաղմնային նախասկզբնական գոյացությունների գոյության հարցը կարելի է համարել դրականորեն լուծված (Ն. Ալբրեխտ, Գ. Խլոպին, Ի. Վ. Դավիդովսկի):

Այն ժամանակվա համընդհանուր ճանաչում ունեցող գիտնական Ն. Ի. Պիրոգովը ուռուցքներում կեղծաբորբոքային երևույթը դիտարկում էր որպես նորմալ հյուսվածքների հետագա զարգացման արդյունք։ Մինչ օրս անհասկանալի են սաղմնային նախասկզբնական գոյացությունների դրսևորման մեխանիզմները, որոնք ամբողջությամբ վերահսկվում են օրգանիզմի իմունային համակարգի կողմից։

Կոնգեյմի հայեցակարգի մեր բազմամյա՝ ավելի քան 25 տարվա ուսումնասիրությունները հանգեցրին ուռուցքային աճին հակազդելու նպատակով նորմալ, այլ ոչ թե ուռուցքածին, սաղմային նախասկզբնական գոյացությունների կիրառմանը։ Գործում է մրցակցային նորմալացնող արգելակման սկզբունքը։ Սա բարդ հարց է, որը կարող է ամբողջությամբ լուսաբանվել միայն մասնագիտական գրականության մեջ։ Ինչպես նորմալ, այնպես էլ՝ ախտաբանական սաղմնային նախասկզբնական գոյացություններն ունեն մանրադիտակային չափեր և որպես դեղամիջոց ստանալու ելանյութ, պիտանի չեն՝ նյութի սակավության պատճառով: Ահա թե ինչու մեր բազմամյա մանրակրկիտ աշխատանքը հիմնված էր նորմալ պորտալարի հյուսվածքի վրա։ Հարկ է նշել, որ մեծ թվով արտասահմանյան թունաբաններ (և մենք դա ընդգծում ենք) պարբերական մամուլում ներկայացրել են բազմակողմանի ուսումնասիրություններ, որոնք ապացուցում են դեղամիջոց ստանալու նպատակով նորմալ պորտալարի հյուսվածքի բացարձակ անվնասությունը։ Մեր կողմից այն անվանվել է սաղմնային հակաուռուցքային մոդուլյատոր՝ ԷՊՈՄ, և վերջին 3 տարիների ընթացքում հաջողությամբ կիրառվում է ուռուցքաբանական հիվանդությունների բուժման և կանխարգելման նպատակով։ Կոնգեյմը նույնիսկ չէր մտածում պորտալարի նման կիրառության մասին։ Դա բացառապես պայմանավորված է պրոֆեսոր Մկրտչյանի ուսումնասիրություններով։

Երիտասարդ հայկական հանրապետության առողջապահության ոլորտի աշխատակիցների մի մասը համաշխարհային բժշկության պատմության մեջ առաջին անգամ փորձում է թուլացնել ուռուցքաբանական հիվանդությունների հետագա աճի միտումը՝ սաղմնային հակաուռուցքային մոդուլյատորի միջոցով իրականացվող իմունոռեաբիլիտացիայի եղանակով, որն առանձնանում է ստացողի օրգանիզմի վրա թունավոր ազդեցության լիակատար բացակայությամբ։

Վերջին տարիներին Լ․ Ն. Մկրտչյանի՝ ուռուցքաբանական հիվանդությունների բուժման ինքնատիպ էթիոպաթոգենետիկ մոտեցումը զգալի առաջընթաց է արձանագրել։

Լ. Ն. ՄԿՐՏՉՅԱՆ

Պրոֆեսոր, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի օտարերկրյա անդամ, Բժշկության միջազգային ակադեմիայի անդամ, գիտության վաստակավոր գործիչ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment