Էմմա Սարգսյանը ներկայացել է համալսարան և աշխատանք է կատարել համալսարանի այլ տարածքում. նրա ներկայացուցիչը հերքում է աշխատանքի չներկայանալու մասին հրապարակումը

Էմմա Դավթի Սարգսյանի ներկայացուցիչ փաստաբան Էդգար Բադեմյանից ստացել ենք հետեւյալ պատասխանը եւ հերքումը մի հրապարակման վերաբերյալ, որի հեղինակը նախապես ապարդյուն փորձել էր պարզաբանում ստանալ Էմմա Սարգսյանից, եւ հրապարակման մեջ առկա էր նաեւ ԵՊՀ-ից ստացած պատասխանը։ Այնուամենայնիվ, քանի որ «Առավոտի» վարքականոնի համաձայն՝ «Այն անձը կամ կազմակերպությունը, որի մասին նյութում բացասական կարծիք կամ մեղադրանք է հնչեցվում, հնարավորություն ունի «Առավոտի» նույն նյութում կամ հաջորդ օրերին տպագրվելիք նյութերում պարզաբանում կամ պատասխան տալ»՝ հրապարակում ենք տրամադրված տեքստն առանց փոփոխության։

2026 թվականի հոկտեմբերի 20-ին՝ ժամը 15։57-ին, «Aravot.am» կայքում հրապարակվել է Նարա Մարտիրոսյանի հեղինակած՝ «ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից» հոդվածը։

Հրապարակման մեջ Էմմա Դավթի Սարգսյանի վերաբերյալ տարածվել է հետևյալ տեղեկությունը․ «2022 թ. գրանցվել է որպես համալսարանի մարքեթինգի բաժնի մասնագետ, սակայն տարիներ շարունակ չի ներկայացել աշխատանքի»։

Ներկայացնելով Էմմա Դավթի Սարգսյանի շահերը՝ հայտնում եմ, որ նշված պնդումը չի համապատասխանում իրականությանը և իմ վստահորդի աշխատանքային գործունեության վերաբերյալ մոլորեցնող պատկերացում է ստեղծում, իր բնույթով՝ բնորոշ է զրպարտանքի։

Էմմա Սարգսյանը ներկայացել է համալսարան և աշխատանք է կատարել համալսարանի այլ տարածքում։ Նա կատարել է իրեն հանձնարարված աշխատանքները, որոնց արդյունքներն առկա են և փոխանցվել են ղեկավարին։ Հետևաբար բաժնի որոշ (նկատի ունենք նաև նյութի հեղինակին) աշխատակիցների՝ նրան իրենց աշխատասենյակում չհանդիպելը կամ նրա հետ անձնական շփում չունենալը, չի հաստատում տարիներ շարունակ աշխատանքի չներկայանալու մասին հրապարակված պնդումը։

Հոդվածում ներկայացված տեղեկությունները չեն տալիս նաև իմ վստահորդի աշխատանքը բացառապես հեռավար բնութագրելու բավարար հիմք։ Բաժնի աշխատակիցների հետ նույն տարածքում չաշխատելը չի նշանակում համալսարան չներկայանալ կամ աշխատանքային պարտականություններ չկատարել։

Անհիմն է նաև կայքում մեկ մուտքանունով հայտնաբերված նյութերի քանակը իմ վստահորդի կատարած աշխատանքի ամբողջ ծավալի հետ նույնացնելը։ Աշխատանքի արդյունքները փոխանցվել են ղեկավարին, իսկ կատարված աշխատանքի ծավալը հնարավոր չէ որոշել միայն կայքում տվյալ մուտքանունով որոնման միջոցով։ Հենց հրապարակման հեղինակն էլ ընդունում է այդ սահմանափակումը։

Ինչ վերաբերում է նույնականացման գործընթացին որոշակի պահի չմասնակցելու մասին տեղեկությանը, որը ևս հեղինակի պնդումն է, ապա այն ինքնին չի հաստատում տարիներ շարունակ աշխատանքի չներկայանալու հանգամանքը և չի կարող ներկայացվել որպես այդ պնդման հիմնավորում։

Այսպիսով, սույն պահանջը վերաբերում է կոնկրետ, ստուգելի փաստական տեղեկության՝ Էմմա Սարգսյանի՝ տարիներ շարունակ աշխատանքի չներկայանալու մասին պնդման հերքմանը։ Այն, որ այդ պնդումը վերագրված է նախկին աշխատակցի, չի փոխում իմ վստահորդի կողմից դրա ճշմարտացիությունը վիճարկելու հանգամանքը։

Ուստի, ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով, ինչպես նաև՝ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ, 17-րդ, 18-րդ հոդվածներով, պահանջում եմ՝

1.Օրենքով սահմանված կարգով և ժամկետում հրապարակել հերքում՝ Էմմա Սարգսյանի՝ տարիներ շարունակ աշխատանքի չներկայանալու մասին իրականությանը չհամապատասխանող տեղեկության վերաբերյալ։

2. Հերքումը հրապարակել «Հերքում» խորագրի ներքո՝ տեղակայման, ձևավորման և տառատեսակի չափի ու տեսակի առումով սկզբնական տեղեկությանը չզիջող եղանակով։

3.Սկզբնական հոդվածում տեղադրել հերքման մասին տեսանելի նշում և հղում։ Վիճարկվող տեղեկությունը խմբագրության կառավարմամբ գործող սոցիալական էջերում տարածված լինելու դեպքում հերքումը տարածել նաև այդ էջերում։

Հրապարակման համար առաջարկվող հերքման տեքստ.

«2026 թվականի հոկտեմբերի 20-ին aravot.am կայքում հրապարակված «ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից» հոդվածում տարածվել է տեղեկություն, թե Էմմա Դավթի Սարգսյանը, 2022 թվականին աշխատանքի ընդունվելով ԵՊՀ մարքեթինգի բաժնում, տարիներ շարունակ չի ներկայացել աշխատանքի։

Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Էմմա Սարգսյանը ներկայացել է համալսարան և աշխատել համալսարանի այլ տարածքում։ Նրա կատարած աշխատանքների արդյունքներն առկա են և փոխանցվել են ղեկավարին։

Հերքում ենք Էմմա Սարգսյանի՝ տարիներ շարունակ աշխատանքի չներկայանալու մասին հրապարակված տեղեկությունը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment