Իրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի չափազանց մեծ պահանջները խանգարում են երկխոսության առաջընթացին

ԱՄՆ-ի չափազանց մեծ պահանջները խանգարում են Թեհրանի և Վաշինգտոնի գործարքի շուրջ երկխոսության առաջընթացին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։

Թուրքիայում ԱՄՆ դեսպան, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Թոմաս Բարաքն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կցանկանար Իրանի հետ խաղաղ համաձայնության հասնել շարունակվող լարվածության ֆոնին:

Բաղային նաև հավելել է, որ Վաշինգտոնից Թեհրանի ստացած ուղերձը «անբավարար է և ոչ լիարժեք»: Նրա խոսքով՝ Իրանը Հորմուզի նեղուցում ճգնաժամի կարգավորման և ԱՄՆ-ի հետ հակամարտության հարցում շարունակում է ելնել իր կողմից ավելի վաղ հնչեցրած յոթ պայմաններից, որոնց թվում են ծովային շրջափակման վերացումը և «բոլոր ճակատներում» պատերազմի դադարեցումը:

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանել է իր հարվածներով: Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր են ստորագրել, սակայն ավելի ուշ կրկին հարվածներ են փոխանակել: Այս պահին հակամարտությունը մնում է չկարգավորված։

Sputnik Արմենիա

Leave a comment