Իսրայելական Elbit Systems պաշտպանական ընկերությունը մոտ 235 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել Ադրբեջանին PULS ռեակտիվ հրետանային համակարգեր և EXTRA-MR բարձր ճշգրտության հրթիռներ մատակարարելու վերաբերյալ, գրել է իսրայելական Globes պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ընկերության հոկտեմբերի 19-ի հաղորդագրությունում պատվիրատուն ներկայացված է որպես եվրոպական երկիր՝ առանց անվանումը նշելու։ Պայմանագիրը կնքվել է Իսրայելի և պատվիրատու երկրի պաշտպանության նախարարությունների միջև միջկառավարական համաձայնագրի շրջանակում։
Համաձայնագիրը նախատեսված է երեք տարով։ Գործարքի շրջանակում Elbit Systems-ը կմատակարարի PULS արձակման կայանքներ, ռեակտիվ հրետանու լրացուցիչ հարթակներ, EXTRA-MR հրթիռներ և կապահովի ինտեգրված լոգիստիկ աջակցություն։
Արտադրողի տվյալներով, որոնք մեջբերում է Globes-ը, EXTRA-MR-ը մինչև 80 կմ հեռահարությամբ բարձր ճշգրտության կառավարվող հրթիռ է։ Այն համատեղելի է PULS հարթակի և գործող կառավարման ու կապի համակարգերի հետ։ Մատակարարվող կայանքների և հրթիռների քանակը չի հրապարակվում։
Իսրայելն Ադրբեջանին զենք մատակարարող գլխավոր երկրներից է։ Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալներով՝ 2016-2020 թվականներին Ադրբեջանի հիմնական սպառազինությունների ներմուծման 69%-ը բաժին է ընկել Իսրայելին։
2020 թվականին Արցախի վրա Ադրբեջանի հարձակման ժամանակ ադրբեջանական բանակը լայնորեն կիրառել էր իսրայելական Harop թափառող զինամթերքը։ SIPRI-ի տվյալներով՝ Ադրբեջանն առնվազն մեկ անգամ կիրառել էր իսրայելական LORA բալիստիկ հրթիռը՝ ենթադրաբար Հայաստանի տարածքում գտնվող կամրջին հարվածելու համար։
Հայաստանը 2020 թվականի հոկտեմբերի 1-ին խորհրդակցությունների համար հետ էր կանչել Իսրայելում իր դեսպանին։
«Բնականաբար, Իսրայելի կողմից գերժամանակակից զենքի մատակարարումն Ադրբեջանին մեզ համար անընդունելի է»,- հայտարարել էր այն ժամանակ Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։