ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Եվրամիության ընդլայնմանը նվիրված գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում են եվրոպական լրատվամիջոցները:
Գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 3-ին Բրյուսելում:
Եվրոպացի առաջնորդները, քաղաքական գործիչները և փորձագետները կքննարկեն Եվրամիության ընդլայնման ապագան, ռազմավարական ինքնավարությունը, անվտանգության հարցերը, ժողովրդավարական բարեփոխումները և ԵՄ անդամակցության թեկնածու երկրների ուղին:
Հիշեցնենք` ԵԱՏՄ անդամ Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի մարտին Եվրամիությանն անդամակցելու գործընթացը սկսելու մասին օրենք ընդունեց։
2026 թվականի մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։
Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին ասաց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա:
Մայիսի 29-ին ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ընդգծեցին Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովից հետո Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մոտ 14% կորստի:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը: