Որոշումների կայացման հարցում կանանց ներգրավվածության պակաս, ֆինանսական սահմանափակ հասանելիություն․ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կանանց հանձնաժողովի մտահոգությունները

«Կանայք և բնիկ ժողովուրդները, տեղական համայնքներն առանցքային դերակատարություն ունեն կենսաբազմազանության վերականգնման, դրա կայուն օգտագործման համար։ Այնուամենայնիվ, նրանք հսկայական խոչընդոտների են բախվում ֆինանսավորմանը հասանելիություն ստանալու հարցում»,-COP17-ի շրջանակներում անցկացված Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կանանց հանձնաժողովի (CBD Women’s Caucus) մամուլի ասուլիսի ժամանակ այպիսի մտահոգություն հայտնեց Բնական միջավայրի և բնական ռեսուրսների հիմնադրամի (FARN) կենսաբազմազանության հարցերով տնօրեն և գործադիր տնօրենի տեղակալ Անա Դի Պանգրասիոն։

Նա արգենտինացի բնապահպանական իրավաբան և քաղաքականության փորձագետ է, որի գործունեությունը կենտրոնացած է կենսաբազմազանության պահպանության, հողային կառավարման, բնապահպանական քաղաքականության և մարդու իրավունքների փոխկապակցվածության վրա։

Նրա մասնագիտական գործունեությունը միավորում է էկոհամակարգերի պաշտպանությունը բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների իրավունքների, հողերի կայուն կառավարման, ինչպես նաև բնապահպանական օրենքների և քաղաքականությունների մշակումն ու իրականացումը։

Ըստ Անա Դի Պանգրասիոյի՝ առանց համարժեք ֆինանսական միջոցների՝ կառավարությունների ստանձնած հանձնառությունները զուտ խոստումներ են մնալու․ «Կարևոր է ոչ միայն այն, թե որքան գումար է մոբիլիզացվում, այլ թե ով է հասանելիություն ստանում այդ գումարներին, ովքեր են որոշումներ կայացնում։ Մեզ անհրաժեշտ է ավելի համարժեք, կայուն պետական ֆինանսավորում կենսաբազմազանության համար»։

Խոսելով ֆինանսական միջոցներին կանանց կողմից առաջնորդվող կազմակերպությունների հասանելիության դժվարությունների մասին՝ փորձագետն ասաց․ «Գործում են բարդ ընթացակարգեր, չափանիշներ, սահմանափակման մոդելներ, որոնք թույլ չեն տալիս կանանց առաջնորդած կազմակերպություններին հասանելիություն ստանալ ֆինանսական միջոցներին։ Ոչ միայն անհրաժեշտ է ֆինանսական միջոցների հասանելիություն, այլ կանայք կենսաբազմազանության պահպանությանը նվիրված որոշումների կայացման գործընթացում պետք է ձայն ունենան։ Բավարար չէ պարզապես հաշվետու լինել, թե որքան գումարներն են հայթայթվել, այլ իրականում պետք է իմանանք, թե որքան գումար է հատկացվել կանանց կողմից առաջնորդվող կազմակերպություններին։ Մենք ջատագովում ենք ավելի հեշտ հասանելիություն ֆինանսներին առանց խոչընդոտների»։

Քրիստինա Էղենթերը Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF International) գլոբալ կառավարման քաղաքականության հարցերով ավագ փորձագետն է և Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կանանց հանձնաժողովի (CBD Women’s Caucus) տնօրենների խորհրդի անդամը։ Մամուլի ասուլիսի ժամանակ նա կարևորեց, որ ֆինանսական հոսքերը հասնեն իրական շահառուներին, որոնք դրա կարիքն ունեն․ «Պետք է կարողանանք ապահովել հավասար հասանելիություն կանանց, երիտասարդների, բնիկ ժողովուրդների համար»։

Նա նաև խոսեց այն սկզբունքների մասին, որոնք կարևոր են գլոբալ վերանայման համար՝ օրինակ՝ ֆինանսական ռեսուրսների հասանելիություն, թափանցիկություն, կենսաբազմազանությանտ նվիրված որոշումների ներառականություն։

Հանձնաժողովի անդամ Մարի Սալվատրիսն էլ մտոհոգություն հայտնեց․ «Որոշումները կայացվում են, բայց առանց պատշաճ կերպով հաշվի առնելու գենդերային տարրերը։ Մենք պահանջում ենք գենդերարձագանքող մոտեցում։ Մենք ասում ենք՝ համագործակցությունն անհնար կլինի, եթե չլինի արձագանքող իրականացում, եթե որոշումների կայացման գործընթացում համագործակցություն չլինի»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment