Ավտոբուսում ենթադրյալ բռնություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ

Բաժանորդագրվել

Սոցցանցերում հրապարակված տեսանյութը մեծ աղմուկ էր բարձրացրել սոցցանցերում։ Օգտատերերը ոստիկանությանը կոչ էին անում պաշտպանել կնոջը հնարվոր բռնությունից։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Երևանի ավտոբուսներից մեկում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում մի տղամարդ դիմում է հատակին նստած կնոջը (ենթադրաբար՝ իր կնոջը – խմբ.)՝ պահանջելով նրանից «իրեն նորմալ պահել», հայտնաբերվել և ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Նշենք, որ տեսանյութում մեկ այլ ուղևորուհի միջամտում է և դժգոհություն հայտնում տղամարդու վարքագծից։ Նրանց միջև լեզվակռիվ է սկսվում` փոխադարձ հայհոյանքներով։ Միջադեպի վերջում տղամարդը հատակին նստած կնոջ հետ ստիպված է լինում լքել ավտոբուսը։

«Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հայտնում եմ, որ ՆԳՆ համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների միջոցառումների արդյունքում տեսանյութում երևացող տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին»,–գրել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Սոցցանցերում հրապարակված կադրերին արձագանքել էին սոցցանցերի օգտատերերը՝ նշելով, որ հատակին նստած կինը ակնհայտ բռնության է ենթարկվում։ Նրանք իրավապահ մարմիններին կոչ էին անում միջոցներ ձեռնարկել կնոջը պաշտպանելու համար։

Leave a comment