Գրեթե անհնար էր պատկերացնել, որ նախկինում, ասենք՝ 10, 15 կամ 20 տարի առաջ օտարերկրյա որևէ բարձրաստիճան պաշտոնյա, միջազգային խոշոր կազմակերպության ղեկավար ժամաներ Հայաստան և հանկարծ չայցելեր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ու թանգարան-ինստիտուտ, ըստ հնարավորության՝ հանդիպում չունենային Ամենայն հայոց կաթողիկոսի հետ: Իսկ «փաշինյանական Հայաստանում» կամ նրա ասած «իրական Հայաստանում» քպական իշխանություններն, ինչպես երևում է, ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստան ժամանող օտարերկրյա բարձրաստիճան հյուրերը հանկարծ ու հանկարծ չհանդիպեն Ամենայն հայոց կաթողիկոսի հետ, չլինեն Մայր Աթոռում, չտեսնեն Մայր տաճարը:
Սա այլևս լրացուցիչ անգամ հիմնավորում է, որ փաշինյանական իշխանությունը իրականում պատերազմում է հենց Եկեղեցու դեմ:
Հանրահայտ է՝ Փաշինյանն ատում է Ամենայն հայոց կաթողիկոսին, բոլոր հնարավոր ու քստմնելի եղանակներով հալածանքների է ենթարկում Մայր Աթոռի բարձրաստիճան հոգևորականներին, չի շրջանցում նրանց մերձավորներին ու հարազատներին, ուզում է զավթել Հայ առաքելական եկեղեցին ու այն դարձնել կառավարությանն առընթեր ձեռնասուն «հիմնարկ»: Շատ է սրա մասին խոսվել, բազմիցս հիմնավորված ներկայացրել ենք այդ խնդիրները, էլ ավելի բազմիցս դրա մասին խոսել են ոչ իշխանական ու ազգային շրջանակների ներկայացուցիչները: Բայց տվյալ պահին սոսկ դա չէ հարցը:
Հարցն այն է, որ, օրինակ՝ ընտանիքները, որպես կանոն, երբ հյուր են ունենում, իրենց ներքին խնդիրները չեն փաթաթում այդ հյուրերի վզին, չեն պարտադրում նրանց: Համամիտ ենք, որ համեմատությունը, բոլոր համեմատությունների նման, ոչ լիարժեք է, բայց իրավիճակը որոշակի նմանություններ ունի:
Տեսեք, զավեշտական, եթե չասենք՝ ծաղրական ու վիրավորական պատկեր է ձևավորվում փաշինյանական իշխանության որդեգրած անընկալելի և անընդունելի մոտեցման հետևանքով: Օրինակ՝ Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելում է Զվարթնոց տաճար, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում: Շատ լավ է անում, շատ ճիշտ է, որ նրան «տարել են» Զվարթնոց: Բայց, միևնույն ժամանակ, աչք է ծակում, որ նա չի այցելում Մայր Աթոռ: Ինչպե՞ս դա հասկանալ:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: