Հանուն Դենիս Ջորկաեֆի՝ ՀՖՖ-ն արտահերթ նիստով «կանոն» է փոխում. Սիմիդյանի թեկնածուն՝ փոխնախագահ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ ՀՖՖ-ն արտահերթ նիստ է հրավիրել, նպատակ ունի փոխել կանոնադրությունը։

Հոկտեմբերի 16-ին «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության 34 անդամից 29-ը արտահերթ ժողով անցկացնելու առաջարկ են ներկայացրել՝ նպատակ ունենալով փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՖՖ կանոնադրությունում։

ՀՖՖ-ի առաջարկվող փոփոխություններից մեկը վերաբերում է Գործադիր կոմիտեի անդամի թեկնածուներին ներկայացվող պահանջներին։ Գործող կանոնադրությամբ՝ թեկնածուն պետք է վերջին մեկ տարում մշտապես բնակված լինի Հայաստանում և տիրապետի հայերենին։ Նախագծով առաջարկվում է վերացնել այս երկու պահանջները՝ պահպանելով ՀՀ քաղաքացիության և առնվազն 25 տարեկան լինելու պայմանները։

Մյուս փոփոխությունը վերաբերում է պաշտոնավարման ժամկետների հաշվարկին։ Առաջարկվում է, որ եթե անձը տվյալ պաշտոնում պաշտոնավարել է երկու տարուց պակաս, այդ ժամանակահատվածը չհաշվարկվի որպես մեկ ամբողջական ժամկետ, իսկ երկու տարի և ավելի պաշտոնավարման դեպքում հաշվարկվի որպես ամբողջական ժամկետ։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս փոփոխությունները քննարկվում են ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրությունների համատեքստում։ ՀՖՖ-ի ղեկավարության համար պայքարում է Դենիս Ջորկաեֆը՝ Յուրի Ջորկաեֆի եղբայրը, ով հայրենի չի տիրապետում և ՀՀ-ում չի բնակվում։

«Ժողովուրդ»-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՖՖ փոխնախագահի պաշտոնում լինելու է Արսեն Բալաբեկյանը, և ֆեդերացիայի հետ կապված հարցեր «լուծողը» ինքն է լինելու։ Մենք տեղեկացանք, որ Բալաբեկյանի թեկնածությունն առաջ է տանում ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Սիմիդյանը։

Մյուս կողմից՝ ֆուտբոլային երկրպագուների «ՖԱՖ» շարժման շրջանակներում, ըստ շրջանառվող տեղեկությունների, ցանկալի թեկնածու է համարվում Գևորգ Ղազարյանը։

Այսպիսով, ՀՖՖ արտահերթ ժողովի օրակարգում ընդգրկված կանոնադրական փոփոխությունները կարող են էական նշանակություն ունենալ դեկտեմբերին սպասվող ընտրությունների համար։

Սոնա Գրիգորյան»

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment