Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նորանշանակ նախագահ Գևորգ Թորոսյանի ուղերձը․
✈️«Սիրելի՛ ուղևորներ, գործարարներ, ավիացիայի ոլորտի մասնագետներ և գործընկերներ,
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնում ցանկանում եմ ներկայացնել մեր աշխատանքի հիմնական առաջնահերթությունները։
📌Ուղևորներին․ մեր նպատակը շարունակում է լինել Երևանն ու Գյումրին տարածաշրջանի և աշխարհի ավելի շատ քաղաքների հետ ուղիղ չվերթներով կապելը, մրցակցության միջոցով ավելի մատչելի գներին նպաստելը և ուղևորների իրավունքների պաշտպանությունը ԵՄ լավագույն փորձին համահունչ ամրապնդելը։ Թռիչքների անվտանգությունը մեր աշխատանքի հիմքում է։
📌Հայաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչներին․ արտահանման առանձին ուղղություններում առաջացող դժվարություններն ընդգծում են շուկաների և փոխադրման ուղիների բազմազանեցման անհրաժեշտությունը։ Կառավարության այս առաջնահերթությանը նպաստելու համար կարևորում եմ բեռնային ավիափոխադրումների հնարավորությունների ընդլայնումը՝ հայկական արտադրանքի համար նոր շուկաներ հասնելու ավելի հուսալի և մրցունակ ուղիներ ստեղծելու նպատակով։
📌Ոլորտի մասնագետներին և ընկերություններին․ Հայաստանի օդային կապերի ընդլայնումը մեր համատեղ աշխատանքի առանցքն է։ Պաշտոնավարմանս առաջին 100 օրերի ընթացքում նախատեսում եմ հանդիպել ոլորտի հիմնական ներկայացուցիչներին՝ լսելու Ձեր մտահոգություններն ու առաջարկները և հստակեցնելու համատեղ քայլերը։
📌Հայաստանյան ավիաընկերություններին․ կարևորում ենք Ձեր մասնագիտական և գործառնական կարողությունների ամրապնդումը, մրցունակության բարձրացումը և Ձեր կողմից իրականացվող ուղևորափոխադրումների ծավալների կայուն ընդլայնման համար նպաստավոր պայմանների ձևավորումը։
📌Միջազգային ավիափոխադրողներին․ Ձեզ դիտարկում ենք որպես Հայաստանի՝ աշխարհի հետ կապերի ընդլայնման առանցքային գործընկերներ և ակնկալում ակտիվ համագործակցություն՝ նոր ուղղությունների ու հնարավորությունների շուրջ։
📌«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գործընկերներին․ գնահատելով ընկերության ներդրումը օդանավակայանների արդիականացման և սպասարկման որակի բարելավման գործում՝ ակնկալում ենք կարգավորող դաշտի ամրապնդմամբ և համատեղ աշխատանքով հասնել ծառայությունների որակի չափելի բարձրացման ու նոր ենթակառուցվածքների զարգացման՝ պետության հետ ներդրումային և ծախսային ծրագրերի և կարգավորիչ դաշտի բարեփոխումների վերաբերյալ շարունակական երկխոսությամբ։
📌Ավիացիոն ոլորտի մյուս գործընկերներին․ օդային երթևեկության կազմակերպումից և վերգետնյա սպասարկումից մինչև տեխնիկական ծառայություններ ու մասնագիտական կրթություն՝ յուրաքանչյուրիդ ներդրումն անհրաժեշտ է։ Ակնկալում եմ գործնական համագործակցություն՝ ոլորտի ընդհանուր կարողություններն ամրապնդելու և ուղևորներին ու բիզնեսին ավելի որակյալ ծառայություններ առաջարկելու համար։
📌Դոնոր և զարգացման գործընկերներին․ կարևորում եմ արդյունավետ, մեր առաջնահերթություններին համահունչ և չափելի արդյունք ապահովող համագործակցությունը։ Առաջնահերթություն է մնալու Հայաստան–ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրով և ԻԿԱՕ-ի շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարումը, ինչպես նաև EASA-ի հետ սերտ համագործակցությամբ ավիացիոն անվտանգության եվրոպական պահանջների ներդրումը։
Այս նպատակներին հասնելու համար կառավարության 2026–2031 թթ. ծրագրի իրականացման շրջանակում Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեի լիազորությունների շրջանակում առաջնահերթորեն կաջակցենք՝
• «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների արդիականացմանը՝ ներառյալ «Զվարթնոցի» հին մասնաշենքը նոր ուղևորային տերմինալի վերափոխելը,
• Կապանի «Սյունիք» օդանավակայանին միջազգային կարգավիճակ շնորհելուն,
• ոլորտի կառավարման համակարգի կատարելագործմանը և ԵՄ ավիացիոն կանոնակարգերի ներդրմանը։
Բաց եմ գործնական առաջարկների և արդյունքի միտված համագործակցության համար»։
Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: