2026-ի ընտրություններում Facebook-ը և TikTok-ը ատելության խոսքի հիմնական հարթակներն են եղել․ հետազոտություն

2026 թ․ ապրիլին խորքային կոդավորման ենթարկված 191 առանցքային հրապարակումների վերլուծությունը ցույց է տալիս, որ ատելության խոսքի դրսևորումները կազմել են ընդհանուր ծավալի 19.37%-ը (37 դեպք)։ Ատելության խոսքի հիմնական հարթակ է հանդիսացել Facebook-ը (70.27%), որին հաջորդում է TikTok-ը (29.73%)․ նման եզրահանգման է հանգել «Ատելության խոսքը խորհրդարանական ընտրություններում․ միտումներ եւ դրսեւորումներ» հետազոտության հեղինակ Անի Եղիազարյանը։

Հետազոտությունն իրականացվել է «Փաստահեն համայնքային երկխոսություններ հանուն ընտրական արդարության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Շվեդիայի արտաքին գործերի նախարարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Գերմանական Մարշալի հիմնադրամի (GMF) ֆինանսական աջակցությամբ:

Դեպքերի 72.97%-ում (27 դեպք) ատելության խոսքի հիմք են հանդիսացել քաղաքական հայացքները, 21.62%-ում (8 դեպք)՝ գենդերային պատկանելությունը, իսկ 5.41%-ում (2 դեպք)՝ արտաքին/ֆիզիկական տեսքը։

Հետազոտության համաձայն՝ Facebook սոցիալական ցանցը հանդիսացել է ատելության խոսքի՝ 70.3%, մանիպուլյացիոն բովանդակության՝ 75.0% և քաղաքական նարատիվների՝ 96.4% գերիշխող հարթակը․ «Թույլ մոդերացիայի և հուզական ալգորիթմների պայմաններում այն դարձել է անանուն ու կեղծ էջերի միջոցով թիրախավորման գլխավոր գործիք։ TikTok-ը զբաղեցրել է երկրորդ տեղը ատելության խոսքի ծավալով՝ 29.7%։ Հարթակում ակտիվորեն կիրառվել են արհեստական բանականությամբ ստեղծված դիփֆեյք տեսանյութեր և կենդանիներին բնորոշ ապամարդկայնացնող համեմատություններ (օրինակ՝ Kartsiq․am2025 ալիքում պատգամավորների հասցեին, որոնք ապահովել են տասնյակ հազարավոր դիտումներ)։ Telegram-ը ծառայել է որպես արտաքին ազդեցության և ատելության խոսքի տարածման հիմնական հարթակ՝ 45.7%։ Բարձր անանունության և ցածր մոդերացիայի պայմաններում պրոռուսական ալիքները ձևավորել են ատելություն և անվստահություն սերմանող նարատիվներ, որոնք հետագայում ներթափանցել են տեղական տեղեկատվական դաշտ»։

Հետազոտությունում վկայակոչվում է նաև ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ընտրությունների դիտարկման առաքելության զեկույցը, ըստ որի՝ լրատվամիջոցների մշտադիտարկումը ցույց է տվել, որ մշտադիտարկվող հեռուստաընկերությունների մեծ մասը քարոզարշավի ընթացքում օգտագործվել է կուսակցությունների կողմից՝ փոխադարձ վիրավորանքներ և պառակտող հռետորաբանություն տարածելու համար, քիչ ուշադրություն դարձնելով ծրագրերի բովանդակային վերլուծությանը։

Հետազոտությունում արձանագրված է, որ ատելության խոսքի կիրառման տարբեր մեխանիզմներ են գործել՝ գենդերային, ազգային/էթնիկ, սեռական կողմնորոշման և հաշմանդամության հիմքով․ «Մի շարք անանուն և կեղծ էջեր համակարգված կերպով թիրախավորել են ընդդիմադիր կուսակցության կին ներկայացուցիչներին՝ կիրառելով սեքսիստական, նվաստացուցիչ և արտաքին տեսքին ուղղված պիտակավորումներ։

Մասնավորապես, մեկ քաղաքական գործչի վերաբերյալ գրառումը հավաքագրել է շուրջ 2,600 ներգրավվածություն, մինչդեռ մեկ այլ դեպքում որոշակի իրավական զարգացում (ձերբակալություն) ներկայացվել է կարծրատիպային, գենդերային շեշտադրումով ձևակերպումներով՝ հավաքագրելով շուրջ 1,100 ներգրավվածություն։ Այս օրինաչափությունը ներկայացնում է այն միտումը, համաձայն որի՝ կին քաղաքական գործիչները հաճախ ենթարկվում են այսպես կոչված «կրկնակի ստանդարտի»՝ միաժամանակ ենթարկվելով և՛ քաղաքական քննադատության, և՛ նրանց գենդերային պատկանելությանն ուղղված։ Արդյունքում ձևավորվում է հատուկ խոչընդոտող միջավայր կանանց քաղաքական մասնակցության համար»։

Մեկ այլ դեպքում անանուն Facebook-յան էջի կողմից տարածվել է ապատեղեկատվական բնույթի հրապարակում, որում անհիմն պնդում է արվել վարչապետի ազգային ծագման և առողջական վիճակի վերաբերյալ․ «Հրապարակումն ապահովել է շուրջ 1,800 տարածում, 2,500 մեկնաբանություն և 5,400 ռեակցիա։ Այս դեպքը ցուցադրում է բնորոշ մեխանիզմ, երբ քաղաքական հակառակորդի հեղինակազրկման նպատակով զուգակցվում են էթնիկ պատկանելության շահարկումն ու առողջական վիճակի շուրջ խարանումը՝ նպատակ ունենալով հանրության շրջանում ձևավորել «կենսաբանական» անվստահություն, այլ ոչ միայն քաղաքական տարաձայնություն»։

Հետազոտությունում ընդգծվում է, որ արհեստական բանականությամբ ստեղծված և TikTok-ում տարածված տեսանյութում պատգամավորների հասցեին կիրառվել են կենդանիներին բնորոշ ապամարդկայնացնող համեմատություններ՝ ունենալով շուրջ 17,000 դիտում։

Զուգահեռաբար տարածվել են արհեստական բանականությամբ ձևափոխված մի քանի տեսանյութեր, այդ թվում՝ վարչապետի հետ կապված մեկ դիփֆեյք, որը հայտնվել է ռուսական պետական մեդիայի հետ կապված ալիքում (3,5 միլիոն հետևորդով) և հերքվել է հայաստանյան լրագրողի կողմից (600,000+ դիտում), ինչպես նաև Ազգային ժողովի պատգամավորի անունով տարածված կեղծ ձայնագրություն, որը հավաքագրել է ավելի քան 2 միլիոն հանրագումարային դիտում տասնյակ էջերում։

Չնայած ատելության խոսքի «ծայրահեղ դրսևորումների» արձանագրմանը, հետազոտության հեղինակի գնահատմամբ, միջազգային դիտորդների կողմից դրանց նկատմամբ գործնական իրավական հետևանք հազվադեպ է արձանագրվել․ «ԿԸՀ-ի կողմից քննված միակ՝ քաղաքական մրցակցի նկատմամբ ատելության հրահրման վերաբերյալ բողոքը մերժվել է՝ իրավախախտման վկայող տեղեկություններ չհայտնաբերելու հիմքով»։

Միաժամանակ, ըստ հետազոտության, Facebook-ը և TikTok-ը շարունակում են մնալ հայերեն ատելության խոսքի հայտնաբերման և հեռացման առումով համեմատաբար թույլ մոդերացիայով հարթակներ, մինչդեռ անանուն/կեղծ էջերի բարձր տեսակարար կշիռը՝ 36.5%, ապահովում է հեղինակների անհայտություն և անպատժելիություն։

 

Պատրաստեց՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment