Ինչու Թրամփը չի ցանկանում շարունակել լայնածավալ պատերազմը Իրանի դեմ

ԱՄՆ նախագահ Թրամփը վերջերս մեծ շեշտադրում է կատարում Իրանի միջուկային խնդրի վրա և սպառնում է հարձակվել Նաթանզի միջուկային օբյեկտից մոտ 3 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Քոլանգ լեռան վրա։ Այս իրավիճակը ծագել է այն ժամանակ, երբ Հորմուզի նեղուցի հարցը և Պարսից ծոցում ստեղծված իրավիճակը դեռևս անորոշ ապագա ունեն։

Գրեթե բոլոր ելույթներում և լրատվամիջոցներում արված մեկնաբանություններում Թրամփը կրկնում է մի քանի նախադասություն, որոնք նույն իմաստն ունեն. «Իրանը երբեք չի կարող միջուկային զենք ունենալ։ Մենք ոչնչացրեցինք Իրանի միջուկային կարողությունները։ Եթե Իրանը միջուկային զենք ունենար, կոչնչացներ Իսրայելը»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերին մերժեց Հորմուզի նեղուցը վերաբանալու և բանակցությունները վերսկսելու Իրանի  ներկայացրաշ 7 կետանոց առաջարկը, չնայած չբացառեց բանակցությունները շարունակելու հնարավորությունը։ Թրամփը սկսեց Իրանի դեմ պատերազմը՝ ընդգծելով Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի սպառնալիքը, և հիմա նա կարող է հաղթանակի մասին հայտարարել միայն այն դեպքում, եթե այս ոլորտում ինչ-որ բանի հասնի։

Իրանի միջուկային օբյեկտները 12-օրյա և 40-օրյա պատերազմների ընթացքում դարձել են ամերիկա-իսրայելական ռմբակոծությունների և հարձակումների թիրախ։ Պաշտոնական լրատվամիջոցները շեշտում են, որ Սպահանի, Ֆորդոյի, Նաթանզի, Խուզեստանի էլեկտրակայանները և Արաքի օբյեկտները ենթարկվել են հարձակման և լուրջ վնասներ են կրել։

Վերլուծությունները ցույց են տալիս, որ Սպիտակ տունը ներկայումս ճնշման տակ է Իրանի միջուկային ծրագրի լիակատար ոչնչացման և Հորմուզի նեղուցի վերաբացման կրկնակի պահանջներից, քանի որ այս իրավիճակը ստեղծվել է փետրվարի 28-ին Իրանի վրա հարձակման պատճառով, և այդ պատճառով Հորմուզի նեղուցի բացումը և նավթի, գազի ու ապրանքների ազատ հոսքը, ինչպես նաև պատերազմից առաջ եղած իրավիճակին վերադառնալը Դոնալդ Թրամփի համար առանձնահատուկ հաղթանակ չի համարվում։ Միջուկային հարցը ԱՄՆ-Իսրայելի և Իրանի միջև առճակատման միայն մեկ մասն է։ Եթե ԱՄՆ-ն մտահոգված լիներ միայն Իրանի միջուկային ռումբով, կարող էր Թեհրանի հետ բանակցել հետևյալ հարցերի շուրջ՝, ուրանի հարստացումի դադարեցում և ուրանի պաշարների  և ցենտրիֆուգների ստուգում։

Սակայն Վաշինգտոնը ընդլայնել է խնդիրը։ ԱՄՆ-ի համար խնդիրը միջուկային և հրթիռային ծրագրերի, ռազմածովային ուժի, Իրաի պրոքսի ուժերի, Հորմուզի նեղուցի բացման, ֆինանսական ռեսուրսների կրճատման և ԻԻՀ տարածաշրջանային ազդեցության սահմանափակման համադրությունն է։ Ահա թե ինչու են ներկայիս բանակցությունները այդքան դժվար դարձել։ Վաշինգտոնը ցանկանում է լուծել «Իրանի խնդիրը» միանգամից, Թեհրանը ցանկանում է առանձնացնել խնդիրները։ Սա շատ հիմնարար հակասություն է։

Իրանի պաշտոնական դիրքորոշումն իր միջուկային ծրագրի ապագայի վերաբերյալ այն է, որ «Ուրանի հարստացումը միջուկային գործընթացի անբաժանելի մասն է, և Փեհրանը ոչ մի կերպ չի հրաժարվի դրանից: Ատոմային արդյունաբերությունը երկրի գիտության և տեխնոլոգիայի շարժիչ ուժն է»: Տարածաշրջանային պատերազմը այս անհավասարակշռությունը վերածել է անվտանգության դիլեմայի: Նման պայմաններում Իրանի միջուկային կարողությունները զենք ձեռք բերելու եզրին պահելը՝ առանց իրականում զենք ստեղծելու, Թեհրանի տեսանկյունից կարող է լինել ոչ միայն գործարքի առարկա, այլև մի տեսակ ռազմավարական ապահովագրության երկրի գոյությանը սպառնացող հարձակումների դեմ:

Ահա թե ինչպիսին է ամերիկյան ռազմավարության պարադոքսը. ռազմական ճնշումը կարող է նվազեցնել Իրանի միջուկային որոշ կարողությունները, բայց նաև մեծացնում է միջուկային տարբերակը պահպանելու արժեքը Թեհրանի հաշվարկներում: Եթե համաձայնագրին հետևելը Իրանին ավելի խոցելի է դարձնում հետագա հարձակումների համար, այդ կարողությունից հրաժարվելու ճնշումը կարող է հակառակ արդյունք տալ:

Եվ այստեղ մենք հասնում ենք շատ կարևոր կետի։ Շատ հստակ է, որ ԱՄՆ նախագահ Թրամփը ցանկանում է Հորմուզի նեղուցի բացումը որպես «լծակ» օգտագործել Իրանի հետ բանակցություններում։ Հորմուզի նեղուցը միայն իրանական խնդիր չէ։ Այն գլոբալ էներգետիկ լծակ է։ Երբ ԱՄՆ-ն ասում է. «Եթե դուք համաձայնության չհասնեք, տնտեսական և ծովային ճնշումը կշարունակվի», իսկ Իրանն ասում է. «Եթե ճնշումը շարունակվի, մենք կվտանգենք Հորմուզի անվտանգությունը», երկու կողմերն էլ փաստացի ձեռք են դրել գլոբալ էներգետիկ ճգնաժամի հանգուցալուծման կետի վրա։ Սա շատ կարևոր է, քանի որ Հորմուզի նեղուցը և, հավանաբար, միջնաժամկետ հեռանկարում, Բաբ էլ-Մանդեբի նեղուցի հարցը նույնպես ռազմական հարցից վերածվել է քաղաքական սակարկության հարցի։

Ինչո՞ւ Թրամփը առայժմ չի ցանկանում շարունակել լայնածավալ պատերազմը Իրանի դեմ։ Այստեղ կա ներքին գործոն։ Երկարատև պատերազմ. բենզինի և դիզելային վառելիքի գների աճը, հիմնական ապրանքների գնաճը, ռազմական ծախսերը մեծացնում են հանրային դժգոհությունը Միացյալ Նահանգներում, և սա քաղաքական խնդիր է ստեղծում ԱՄՆ նախագահի համար։

Ո՞րն է Թրամփի գործարքի հավանական վերջնական նպատակը։ Եթե մենք եզրակացություն անենք Վաշինգտոնի ներկայիս վարքագծից, ապա Թրամփի վարչակազմի համար բարենպաստ համաձայնագիրը, հավանաբար, կլինի 2015 թվականի Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից շատ ավելի հեռու։

ԱՄՆ-ի պահանջը Իրանից, հավանաբար, կլինի հետևյալ համադրությունը՝ միջուկային սահմանափակումներ, հրթիռային հնարավորությունների սահմանափակումներ, Մերձավոր Արևելքի տարածաշրջանում  իրանական պրոքսի ուժերի աջակցության սահմանափակումներ, Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության երաշխիքներ, Իրանի որոշ տարածաշրջանային գործունեության սահմանափակումներ, շատ ավելի խիստ մոնիթորինգի  հասանելության մեխանիզմ և Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ որոշակի ստուգելի պարտավորություն: Սա այն բանն է, որը Թեհրանը, հավանաբար, հեշտությամբ չի ընդունի:

Հիմնական հարցն այն է, թե արդյոք Վաշինգտոնը պատրաստ կլինի, բացի այն զիջումներից, որոնցից Իրանը պետք է հրաժարվի, ընդունել նաև պարտավորություններ, որոնցից նա պարզապես չի կարող հրաժարվել: Եթե պատասխանը «ոչ» է, ապա մեկ այլ համաձայնագրի ստորագրումը պարզապես նոր հետդարձ կլինի դեպի հաջորդ ճգնաժամը:

Սակայն այստեղ Վաշինգտոնի համար կա մի հիմնարար խնդիր։ Իրանի դեմ գործադրվող չափազանց մեծ ճնշումը կարող է հակառակ արդյունք տալ։ Եթե տնտեսական ճնշումն այնքան ուժեղանա, որ Թեհրանը զգա, որ կորցնելու ոչինչ չունի, ապա՝ հանձնվելու փոխարեն այն կարող է սրել հարձակումները  Միացյալ Նահանգների և նրա տարածաշրջանային դաշնակիցների վրա։

Թրամփը, հավանաբար, չի ցանկանում ամբողջությամբ ոչնչացնել Իրանը։ Ինչո՞ւ։ Որովհետև թույլ, բայց կառավարելի Իրանը ռազմավարական առումով ավելի արժեքավոր է ԱՄՆ-ի համար, քան լիովին փլուզված և անվերահսկելի Իրանը։ Լիակատար փլուզումը կարող է քաղաքացիական պատերազմ առաջացնել։ Այն կարող է ներգաղթի ալիք առաջացնել։ Ակտիվացնել Իրանի ներքին էթնիկ և կրոնական ընդդիմության զինված խմբավորումները։ Խաթարել Պարսից ծոցի անվտանգությունը։ Պայթեցնել համաշխարհային էներգետիկ շուկան։

Դա Ռուսաստանին և Չինաստանին կմտցներ տարածաշրջանային ռազմավարական վակուումի մեջ։ Հետևաբար, ռազմավարական տեսանկյունից, Իրանի «վերահսկվող թուլացումը» կարող է ավելի ցանկալի լինել Վաշինգտոնի համար, քան «լիակատար փլուզումը»։

Իրանը ԱՄՆ-ի համար միայն Մերձավոր Արևելքի խնդիր չէ։ Իրանը Չինաստանի էներգամատակարարման ցանցի և Պարսից ծոցի էներգետիկ շղթայի մաս է կազմում դեպի Ասիա և Եվրոպա։ Որքան Իրանը կախված լինի Չինաստանից, այնքան ավելի մեծ կլինի ԱՄՆ աշխարհաքաղաքական խնդիրը։ Միացյալ Նահանգները սահմանափակում է Իսրայելի խաղադաշտը՝ կարգավորելով լոգիստիկ աջակցության մակարդակը և զսպելով կամ հրահրելով լարվածության սրումը։

Մյուս կողմից, Թեհրանը, պաշտպանական դիրքից ելնելով, սրելով հրթիռային հարձակումները, աջակցելով իր պրոքսի խմբերին և Պարսից ծոցում սահմանապակ հարվածնել հասցնելով միջազգային նավագնացությանը պատերազմի ծախսերն է մեծացնում և ճգնաժամի տևողությունն է երկարաձգում հակառակորդ կողմերին։

 

ՍԱՀԱԿ ՇԱՀՄՈԻՐԱԴՅԱՆ

Քաղաքական մեկնաբան և Իրանի հարցերով փորձագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment