«Եթե ես չուզենայի ասոցացվել ՔՊ-ի հետ, չէի լինի ՀՀ կառավարության անդամ, չէի լինի իշխող թևի մեջ՝ ներկայացնելով ՆԳ նախարարությունը։ Կուսակցական լինել-չլինելն անձնական ընտրություն է, ես նմանատիպ ռեժիմով հանրությանը ներկայանալու ցանկություն այս պահին չունեմ։ Բայց դա չի նշանակում, որ չեմ շարունակում պաշտոնավարել և առաջ տանել այն քաղաքական օրակարգը, որն այս պահի դրությամբ ՀՀ-ն որդեգրել է։ Շարունակելու եմ ներդնել առավելագույն ջանքը ՀՀ վարչապետի կողմից սահմանված քաղաքական օրակարգի առաջմղման համար»,-հարցին՝ ինչո՞ւ ներկուսակցական գործընթացներին չեք մասնակցում, ինչո՞ւ չեք առաջադրվել, ինչո՞ւ եք խուսափում ասոցացվել ՔՊ-ի հետ, ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ պարզաբանեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Նա վստահեցրեց՝ ինչ աշխատում է պետական համակարգում, եղել է անկուսակցական․ «Անկուսակցական լինել և քաղաքական օրակարգ կիսել՝ վարչապետի առաջնորդությամբ, գաղափարներին նվիրվածություն ունենալ, դրանք իրար չբացառող բաներ են։
Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ «Ուժեղ Հայաստանի» վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է, որը մի քանի երկրի քաղաքացիություն ունի, ՆԳ նախարարն այսպես պատասխանեց․ «Որպես հանրապետությունում քաղաքացիության ոլորտի լիազոր մարմնի ղեկավար՝ ինձ համար շատ կարևոր է քաղաքացիության ինստիտուտի գաղափարախոսությունը։ Տարբեր պետությունների շահերի համատեղում վարչապետի պաշտոնում գոնե թե ես չեմ պատկերացնում։ Բնականաբար, երկքաղաքացիության ինստիտուտին դեմ չեմ, շարունակում ենք պահպանել։ Հատկապես սահմանադրական տարբեր պաշտոնների և վարչապետի պաշտոնի դեպքում ուղղակի չեմ ընկալում այնպիսի իրավիճակ, որ մի քանի երկրի քաղաքացին կարող է լինել ՀՀ վարչապետի թեկնածու։ Վարչապետի պաշտոնում պատկերացնում եմ այնպիսի թեկնածուի, ում շահերի կենտրոնը միայն ՀՀ-ն է։
Լրագրողների դիտարկմանը՝ այն, որ նշում է, թե հանցագործություններն ավելի շատ են սկսել բացահայտել և դիտարկմանը՝ մի՞թե ոստիկանության թերացումը չէ նաև, որ չեն կանխվում սպանություններ, օրինակ՝ Փարաքարում տեղի ունեցածը, իսկ դրանից հետո բացահայտումը միևնույն է մարդկանց կյանքը չի վերականգնում, ՆԳ նախարարն արձագանքեց․ «Ունենք իրավիճակ, որ խոհանոցային դանակով մարդը տուն է վերադարձել, եկել, սպանություն է կատարել։ Ի՞նչ անենք՝ խոհանոցային բոլոր դանակները հավաքե՞նք, արգելե՞նք խոհանոցային դանակների օգտագործումը։ Մեր հիսուն դեպքի ներքո այնքան պարզ իրավիճակներ կան, որոնք բնականորեն չպետք է հանգեցնեին սպանության»։
Լրագրողների դիտարկմանը՝ օպերատիվ համարներն ինչո՞ւ եք աջուձախ բաժանում, ի՞նչ անհրաժեշտությունից ելնելով, Արփինե Սարգսյանն արձագանքեց․ «Իմ նշանակումից հետո օպերատիվ համարների հատկացումը էական կրճատման է ենթարկվել, և այս ցուցակում թողնվել են այնպիսի մարմիններ, որոնք հնարավորություն ունեն օրենսդրորեն օպերատիվ համարներ ունենալ։ Կարգը գաղտնի է, և ես որևէ դետալ ներկայացնել չեմ կարող։ Մեծ թվով նաև կեղծ համարանիշներ ենք հայտնաբերում։ Քաղաքացիների մոտ կեղծ օպերատիվ կտրոններ ենք հայտնաբերել, իրենք իրենց ներշնչել են, որ օպերատիվ համարներ ունեցող են։ Այսինքն՝ պետք է վստահ լինենք, որ օպերատիվ համար ու կտրոն օգտագործեն այն մարմինները, անձինք, որոնք իրավասու են ունենալ հասանելիություն օպերատիվ կտրոնի և համարանիշի»։
Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: