Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից․ Լավրովը Թեհրանում է

Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից՝ չնայած տարածաշրջանում ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակին։ Այս մասին Թեհրանում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Չնայած բազմիցս հիշատակված բարդ իրավիճակին՝ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ տնտեսական և ներդրումային ոլորտներում ձեռք բերված պայմանավորվածություններից։ Մեր մասնագետներն աստիճանաբար վերադառնում են «Բուշեր» ատոմակայան, իսկ ածխաջրածինների արդյունահանման և փոխադրման ոլորտներում մեծ հեռանկարներ կան»,- ասել է Լավրովը Թեհրանում՝ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Ռուսական կողմը հույս ունի, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք Գազ արտահանող երկրների ֆորումի (ԳԱԵՖ) գագաթնաժողովին, որը կայանալու է հոկտեմբերի 27-ին։

«Հույս ունենք, որ նախագահ Փեզեշքիանը կկարողանա մասնակցել Գազ արտահանող երկրների ֆորումի գագաթնաժողովին, որը տեղի կունենա հոկտեմբերի վերջին՝ Մոսկվայում»,- ասել է Լավրովը։

Նա հավաստիացրել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունից դուրս գալու ուղիների որոնմանը։ Նրա կարծիքով՝ կարևոր է վերադառնալ Հորմուզի նեղուցում մինչև ճգնաժամի սկիզբը գոյություն ունեցած իրավիճակին։

«Մենք վերլուծել ենք Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի չհրահրված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Կրկին ընդգծել եմ մեր երկրի պատրաստակամությունը՝ աջակցելու այս արհեստականորեն ստեղծված ճգնաժամից դուրս գալու փոխընդունելի լուծումների որոնմանը։ Մենք ողջունել ենք Թեհրանի՝ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն հաստատելու նպատակով դիվանագիտական ռեսուրսն  օգտագործելու ձգտումը»,- հայտարարել է Լավրովը։

Նա նշել է, որ «կարևոր է վերադառնալ Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում մինչև ճգնաժամը գոյություն ունեցած իրավիճակին, այդ թվում՝ վերականգնել նավագնացության ազատությունը և ապահովել ագրեսիայի կրկնությունը բացառող երաշխիքներ»։

«Մենք բարձր ենք գնահատում միջազգային միջնորդների ջանքերը, որոնք փորձում են նպաստել նման հուսալի համաձայնության ձեռքբերմանը»,- հավելել է Ռուսաստանի արտգործնախարարը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment