«Ճաշակին ընկեր չկա, Բոչելիին էլ բերեինք, էլի պտի քննադատեին»․ Վարդան Ղուկասյանի փեսան՝ Գյումրու տոնական համերգի մասին

Գյումրու օրվան նվիրված տոնական համերգը բուռն քննադատության է արժանացել գյումրեցի օգտատերերի, հիմնականում մտավորականների կողմից։ Գյումրեցիներին հատկապես դուր չէին եկել որոշ երգիչ-երգուհիների ռաբիս կատարումները, որոնք քննադատները որակել էին որպես «ռեստորանային կլկլոց», անհարիր Տիգրան Համասյան ծնած, բարձր նշաձող ունեցող մշակութային մայրաքաղաքին։

Օգտատերերից մեկը՝ Ալեքս Թովմասյանը, գրել էր․ «Գյումրու օրվան նվիրված միջոցառումը մեծ դժգոհության ալիք բարձրացրեց մարդկանց մոտ։ Հիմնական շեշտը դրված էր անճաշակ ու ցածրակարգ ինչ-որ երգերի ու երաժշտության վրա (ոչ բոլոր)։
Ես ոչինչ չունեմ երգիչների անձերի դեմ։

Հասկանում եմ, պետությունը չի ֆինանսավորում Գյումրու օրվա միջոցառումները (շատ վառված են գյումրեցիներից), հասկանում եմ, որ արդեն որերորդ միջոցառումն է կազմակերպվում բացառապես անհատների նախաձեռնությամբ, ֆինանսավորմամբ և աջակցությամբ, բայց…

Գյումրին Հայաստանի մշակութային մայրաքաղաքն է։ Միթե՞ սրան էր արժանի մեր քաղաքը։

Հասկանում եմ՝ ֆինանս չկա, բայց տաղանդ էլ չկա՞։

Մի օր չտեսա՝ Գյումրու օրը նվիրված լիներ հենց Գյումրուն։

Որ բեմից խոսեին մեր հայտնի գյումրեցիները։

Որ կողմ շրջվում ես, մի արհեստանոց է, որ կողմ նայում ես, մի արվեստանոց է։

Ու՞ր մնացին մեր տաղանդները»։

Նա հստակ առաջարկ էր ներկայացրել, թե ում է ուզում տեսնել բեմում՝ շարունակելով․

«Մի օր չտեսա՝ մեր չեմպիոնները բեմից խոսեին, մաղթանք հղեին, քաջալերեին և օրինակ լինեին գալիք սերունդների համար։

Շիրազ ու Իսահակյան տված քաղաք ենք։ Մեր գյումրեցի գրողներից մեկը բեմից մի բանաստեղծություն չկարդաց մի օր։

Լավ, միթե՞ ամեն ինչն այս աստիճան «ճ» կլասի է իջել։ Այսպես լավ չէ, հաջորդ տարի Շանել Սյուզիին բերեք, թող երգի։

Ինչի՞ եք վերածել մեր քաղաքը։

Լավ, ո՞վ է այն մշակութային բաժնի ներկայացուցիչը, որը նայում է ծրագրերին ու ասում է՝ թույն է, հաստատում եմ»։

Օգտատիրոջ այս գրառման տակ մի մեծ զրույց է ծավալվել, մարդիկ կան, որոնք չէին համաձայնել այս կարծիքի հետ։ Նրանցից մեկը պատասխանել է․ «Չեմ կարծում՝ մեծ դժգոհության կամ անճաշակության հարց կար, հակառակ դեպքում մինչև վերջ հրապարակը չէր մնա լեփ-լեցուն, չէին պարի, միջոցառումն էլ շուտ կավարտվեր։ Մի այլ հարց է, թե ով ինչպես է ներկայացնում. դա ածուխի նման է, ուզեն՝ կասեն՝ ածուխը մրոտում է, ուզեն՝ կասեն՝ ածուխը տաքացնում է։

Ես ասում եմ՝ շնորհակալություն կազմակերպիչներին ու չարչարվողներին՝ գեղեցիկ օրվա ու հաճելի պահերի համար»։

Իհարկե, Ալեքս Թովմասյանինը միակ քննադատական գրառումը չէ։

Այսօր լրագրողները հարց ուղղեցին Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանին, թե ինչո՞ւ Գյումրու տոնը գյումրեցի երաժիշտների ջանքերով չի կազմակերպվում, հրավիրում են այնպիսի «աստղերի», որոնք մտավորականների քննադատությանն են արժանանում։

«Օգտվելով առիթից՝ կրկին ու կրկին շնորհավորում եմ գյումրեցիների անցած տոնը։
Ես կարող եմ կարճ և կոնկրետ պատասխանել՝ այսքան քննարկումից հետո շնորհավոր ձեր տոնը, սիրելի գյումրեցիներ, որն ի կատար է ածվել՝ բարձր մակարդակով։ Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ, ճաշակին էլ ընկեր չկա, ի՞նչ անենք, հիմա Բոտեչելլին էլ բերեինք (ամենայն հավանականությամբ, ի նկատի ունի իտալացի աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելլիին), պտի ասեին՝ իտալացուն բերել են, չենք էլ հասկանա՝ ինչ կերգե»,- ասաց Ավետիս Առաքելյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment