Ինչպե՞ս Ֆրանսիայում սոցիալական բողոքը վերածվեց քաղաքական ճգնաժամի

«Yerevan.today»-ը գրում է.

«Ֆրանսիայում արդեն մի քանի օր է, ինչ տեղի ունեցող զանգվածային անհնազանդության ակցիաներն ուղեկցվում են թալանով, ավերումներով և ոստիկանության հետ բախումներով։ Միայն հոկտեմբերի 17-ի համազգային ցույցերին, իշխանությունների տվյալներով, մասնակցել է շուրջ 550 հազար մարդ, իսկ կազմակերպիչները մասնակիցների թիվը գնահատում են մոտ 800 հազար։ Ցույցերն անցկացվել են երկրի շուրջ 110 քաղաքներում։

Ինչի՞ց սկսվեց

Ֆրանսիայում վերջին շաբաթներին տեղի ունեցող զանգվածային ցույցերը սկզբում ամենևին էլ Մակրոնի հրաժարականի պահանջով չեն սկսվել։ Շարժման առաջին պատճառը շատ ավելի կոնկրետ էր՝ կրթական համակարգի վիճակը։

Սեպտեմբերին Ֆրանսիայի մի շարք դպրոցներում աշակերտներն ու ուսուցիչները սկսեցին բողոքել ուսուցիչների պակասի, գերբեռնված դասարանների, դպրոցների վատ պայմանների և կրթական համակարգի թերֆինանսավորման դեմ։ Առաջին պահանջը պարզ էր՝ ապահովել նորմալ պայմաններ սովորելու և դասավանդելու համար։

Ինչպե՞ս կրթական բողոքը վերածվեց սոցիալական դժգոհության

Սակայն շատ արագ կրթական բողոքը դուրս եկավ դպրոցների պատերից։ Դրան միացան ծնողներ, արհմիություններ, սոցիալական տարբեր խմբեր, այդ թվում՝ նախկինում փողոցային պայքարի փորձ ունեցող «դեղին բաճկոնների» ներկայացուցիչներ։

Կրթական խնդիրներին ավելացան կյանքի թանկացման, վառելիքի և էներգիայի գների, աշխատավարձերի, բնակարանների և հանրային ծառայությունների վերաբերյալ դժգոհությունները։

Այսպիսով, մեկ ոլորտի դեմ ուղղված բողոքը աստիճանաբար վերածվեց ընդհանուր սոցիալական դժգոհության։ Փոխվեց նաև բողոքի տրամաբանությունը։ Եթե սկզբում ցուցարարներն ասում էին՝ «բարելավեք կրթական համակարգը», ապա հետագայում հարցն արդեն ավելի լայն էր՝ ինչո՞ւ են քաղաքացիները ստիպված բախվել այս խնդիրներին, և ինչո՞ւ իշխանությունը դրանք չի կարողանում լուծել։

Վերջին պահանջը՝ Մակրոնի հրաժարական

Այս փուլում բողոքն արդեն դուրս եկավ սոցիալական օրակարգի շրջանակներից և ստացավ քաղաքական բնույթ։

Իշխանությունների արձագանքը ևս դարձավ դժգոհության առանձին պատճառ։ Ցույցերի ընթացքում ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումները, ձերբակալություններն ու բռնության մասին հաղորդումները ավելի խորացրին իշխանության և փողոցի միջև անվստահությունը։

Արդյունքում ձևավորվեց արդեն քաղաքական պահանջը՝ եթե կառավարությունը չի կարողանում լուծել քաղաքացիների խնդիրները, ապա պետք է փոխվի ոչ միայն այս կամ այն քաղաքականությունը, այլև իշխանությունը։ Այսպես Մակրոնի հրաժարականի պահանջը դարձավ այն շարժման առանցքային քաղաքական կարգախոսներից մեկը, որը սկզբում նույնիսկ քաղաքական չէր։

Թալան և ավերածություններ

Փարիզում և Ֆրանսիայի այլ քաղաքներում փողոց դուրս եկան հարյուր հազարավոր մարդիկ։ Ցույցերի հիմնական զանգվածի կողքին, սակայն, հայտնվեցին նաև ավելի արմատական խմբեր, և որոշ վայրերում բողոքի ակցիաները վերաճեցին բախումների, հրկիզումների ու թալանի։

Իրավիճակի մասշտաբը կարելի է պատկերացնել նաև թվերով։ Հոկտեմբերի 17-18-ի իրադարձություններից հետո Ֆրանսիայում ձերբակալվածների թիվը հասավ շուրջ 2,400-ի, իսկ ոստիկանների շրջանում վիրավորների թիվը մոտեցավ 1,000-ի։ Փարիզում միայն 855 ձերբակալություն էր իրականացվել։

Թալանի և ավերածությունների հետևանքով վնասվել են հազարավոր առևտրային օբյեկտներ․ կառավարության վերջին գնահատականներով՝ վնաս է հասցվել առնվազն 3000 բիզնեսի, իսկ առանձին բիզնեսների և առևտրային ցանցերի տվյալներով՝ թալանվել կամ վնասվել է ավելի քան 1500 խանութ։ Carrefour-ի ղեկավարի խոսքով՝ միայն այդ ցանցի մոտ 50 խանութ է թիրախավորվել։

Թիրախում հայտնվել են ինչպես սուպերմարկետներ, այնպես էլ հայտնի բրենդների խանութներ։ Լիլում հարձակման են ենթարկվել Sephora-ի, Apple Store-ի և Carrefour City-ի խանութները, Ռենում՝ Galeries Lafayette հանրախանութն ու Starbucks սրճարանը,իսկ այլ քաղաքներից հաղորդվում է Zara, Nike, Decathlon, H&M և Swarovski խանութների թալանի մասին։ Փարիզում թալանվել են Celine, Dior և Galeries Lafayette բուտիկները, ինչպես նաև հրկիզվել է Kawasaki-ի ավտոսրահը։ Լիոնում մարոդյորների գործողություններից տուժել են Louis Vuitton, The North Face, Jott և Hugo Boss խանութները, Բորդոյում՝ Louis Vuitton-ն ու Apple-ը, իսկ Մարսելում՝ Hermes-ը։

Տուժել են նաև տեղական խորհրդանշական օբյեկտներ։ Լիմոժում հրդեհի հետևանքով գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է քաղաքի ավելի քան 140 տարվա պատմություն ունեցող քաղաքապետարանը, իսկ Մարսելում, Լիլում և այլ քաղաքներում հարձակման են ենթարկվել քաղաքային կառույցներ։

Ինչո՞ւ բողոքի ալիքը տարածվեց Եվրոպայի այլ երկրներում

Ֆրանսիայում ծավալված բողոքի ալիքը արձագանք գտավ նաև եվրոպական այլ երկրներում։ Սակայն այստեղ կարևոր է մեկ հանգամանք․ խոսքը մեկ միասնական, կենտրոնացված եվրոպական շարժման մասին չէ։ Տարբեր երկրներում մարդիկ դուրս են եկել փողոց՝ իրենց կոնկրետ խնդիրների պատճառով, բայց դժգոհությունների մի շարք պատճառներ նույնն են։

Բելգիայում ցույցեր են անցկացվել Բրյուսելում և Լիեժում։ Բրյուսելում մի քանի հարյուր երիտասարդներ բախվել են ոստիկանության հետ, կիրառվել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։ Լիեժում ևս ուսանողական ցույցեր են անցկացվել՝ կրթության հասանելիության և դրա թանկացման դեմ։

Իտալիայում բողոքի կենտրոններից մեկը դարձել է Միլանը։ Այնտեղ ցուցարարների և ոստիկանության բախումներից հետո թալանվել են խանութներ, այրվել են բարիկադներ։ Բախումներ են գրանցվել նաև Բոլոնիայում, Բրեշիայում, Բերգամոյում և Թուրինում։ Միլանում ոստիկանությունը ձերբակալել է տասնյակ մարդկանց, իսկ շաբաթ օրվա բախումներից հետո 28 մարդ ձերբակալվել էր։

Միլանում թալանվել են նաև Decathlon-ի, Arc’teryx-ի և Vodafone-ի խանութները։

Պորտուգալիայում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել Լիսաբոնի փողոցներ՝ բողոքելով կյանքի թանկացման, ցածր աշխատավարձերի և բնակարանների անհասանելիության դեմ։ Քաղաքի կենտրոնում ցուցարարները նույնիսկ վրանային ճամբար են ձևավորել՝ ուշադրություն հրավիրելու բնակարանային ճգնաժամի վրա։

Իսպանիայում բողոքի հիմնական թեմաներից մեկը դարձել է բնակարանային ճգնաժամը։ Երկրում ցույցերը սկսվել էին դեռ սեպտեմբերին՝ կապված վարձակալության գների և բնակարանների հասանելիության խնդրի հետ։

Իսկ Ալբանիայում արդեն մի քանի օր շարունակվող ուսանողական ցույցերը կենտրոնացած են կոռուպցիայի, աշխատատեղերի պակասի և կրթության վիճակի վրա։ Տիրանայում ցույցերը վերածվել են բախումների, իսկ ցուցարարները պահանջում են վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը։

Ֆրանսիան, կարելի է ասել, դարձավ այն կետը, որտեղ սոցիալական տարբեր դժգոհություններ միավորվեցին և շատ արագ վերածվեցին զանգվածային փողոցային շարժման։

Եվրոպական բազմաթիվ երկրներում արդեն առկա են նույնատիպ խնդիրներ՝ կյանքի թանկացում, բնակարանների բարձր գներ, էներգիայի և վառելիքի արժեք, աշխատավարձերի և ծախսերի անհամապատասխանություն, հանրային ծառայությունների խնդիրներ և հատկապես երիտասարդների ապագայի նկատմամբ աճող անորոշություն։

Ուստի տարբեր երկրներում տարբեր պահանջներով սկսված ցույցերի հիմքում աստիճանաբար հայտնվում է նույն հարցը՝ որքանո՞վ են եվրոպական կառավարությունները կարողանում ապահովել քաղաքացիների սոցիալական անվտանգությունն ու արժանապատիվ կյանքի պայմանները»։

Leave a comment