Լատվիա արտահանված կանաչ թեյը հայկական ծագման չէ․ ՍԱՏՄ-ն նմուշառում է իրականացրել
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի /ԱՌԿԱ/․ ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) հայտնել է, որ պեստիցիդի հայտնաբերման պատճառով ԵՄ ներմուծման արգելքի տակ հայտնված կանաչ թեյի խմբաքանակը հայկական ծագման չէ։
Տեսչական մարմինը նմուշառում է իրականացրել և նմուշները ներկայացրել լաբորատոր փորձաքննության։
Ինչպես հաղորդում է ՍԱՏՄ-ն, Լատվիայի Սննդի և անասնաբուժական ծառայության հաղորդագրության համաձայն՝ Հայաստանից ներկրված 57,6 կգ քաշով կանաչ թեյի խմբաքանակում Եվրամիությունում արգելված թունաքիմիկատ է հայտնաբերվել։
«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ներմուծող կազմակերպությունում իրականացված վերահսկողության շրջանակներում, նշված՝ ոչ հայկական ծագման թեյի խմբաքանակից նմուշառում է իրականացրել և ներկայացրել լաբորատոր փորձաքննության», – նշվում է Տեսչական մարմնի հաղորդագրությունում։
ՍԱՏՄ-ից հայտնում են, որ փորձաքննության արդյունքների մասին լրացուցիչ տեղեկատվություն կհրապարակվի Տեսչական մարմնի պաշտոնական կայքում։
Ինչ է հայտնել լատվիական կողմը
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լատվիան արգելել է Հայաստանից ներկրված կանաչ թեյի խմբաքանակի ներմուծումը Եվրամիություն պեստիցիդների վերաբերյալ խախտումների պատճառով։
Լատվիայի Սննդի և անասնաբուժական ծառայությունը (PVD) սահմանային վերահսկողության ընթացքում հայկական ծագման կանաչ թեյում լաբորատոր եղանակով հայտնաբերել է Եվրոպական Միությունում արգելված տոլֆենպիրադ պեստիցիդի մնացորդներ, ինչպես նաև այլ պեստիցիդների՝ լյամբդա-ցիգալոտրինի և տիամետոքսամի առավելագույն թույլատրելի մնացորդային մակարդակների գերազանցում։
Լատվիական կարգավորող մարմինը հայտնել է, որ նշված ապրանքի ներմուծումը Եվրամիություն արգելված է։
Հայտնաբերված խախտումների մասին տեղեկատվությունը հրապարակվել է Սննդամթերքի և կերերի վերաբերյալ ԵՄ արագ արձագանքման համակարգում (RASFF)։