Եվրոպական հեռահաղորդակցության օպերատորները միավորում են ուժերը՝ տիեզերքից բջջային կապ ապահովելու համար

Եվրոպայի խոշորագույն հեռահաղորդակցական խմբերը նախատեսում են միավորել ջանքերը՝ հեռավոր շրջաններում օգտատերերին արբանյակների միջոցով ուղղակիորեն բջջային կապ տրամադրելու համար, հաղորդել է DPA լրատվական գործակալությունը, Ե

Գերմանական «Deutsche Telekom»-ը, բրիտանական Vodafone-ը, իսպանական Telefónica-ն և ֆրանսիական Orange-ը մտադրությունների հուշագիր են ստորագրել՝ համատեղ մասնակցելու հաճախականությունների տիրույթի (սպեկտրի) լիցենզիաների համար անցկացվող աճուրդին։ Այդ լիցենզիաները նախատեսված են «ուղղակիորեն դեպի սարք» (Direct-to-Device՝ D2D) արբանյակային ծառայությունների համար։ Ակնկալվում է, որ խոսքի տակ գտնվող հաճախականությունները հասանելի կդառնան 2029 թվականին. ներկայումս դրանք հիմնականում օգտագործվում են ինքնաթիռներում անլար ինտերնետ հասանելիություն ապահովելու նպատակով։

Ինչպես նշել է DPA-ն, այս համատեղ նախաձեռնության նպատակն է ապահովել կապի հասանելիությունը դժվարամատչելի վայրերում, բարձրացնել բջջային ցանցերի կայունությունը, պաշտպանել կապի կարևորագույն ենթակառուցվածքները և աջակցել եվրոպական անկախ արբանյակային համակարգի ստեղծմանը։ Ծրագիրը ներառում է Եվրոպայում հիմնական ցամաքային կայանների, ինչպես նաև համակարգման և կառավարման կենտրոնների տեղակայումը՝ տիեզերական ենթակառուցվածքների ոլորտում տարածաշրջանի տեխնոլոգիական ինքնիշխանությունը երաշխավորելու համար։

«Ուղղակիորեն դեպի սարք» (Direct-to-Device – D2D) ծառայությունները հնարավորություն կտան սովորական սմարթֆոններին ուղղակիորեն կապ հաստատել արբանյակների հետ այն տարածքներում, որտեղ ցամաքային բազային կայանների ծածկույթն ամբողջությամբ բացակայում է։ Թեև սպառողական սարքերի մեծ մասը ներկայումս չի աջակցում այս գործառույթին, օպերատորները ակնկալում են, որ առաջիկա տարիներին այն կմտնի զանգվածային շուկա։

Այս տեխնոլոգիան նախատեսված է վերացնելու այսպես կոչված «մեռյալ գոտիները»՝ այն տարածքները, որտեղ ներկայումս հասանելի չէ նույնիսկ հնացած 2G ստանդարտի բջջային կապը։ Գերմանիայի Դաշնային ցանցային գործակալության տվյալներով՝ նման գոտիները ներկայումս կազմում են «Deutsche Telekom»-ի ծածկույթի տարածքի 1,2%-ը, Vodafone-ի դեպքում՝ 1,7%-ը, իսկ O2 Telefónica-ի դեպքում՝ 1,6%-ը։

Եվրոպական դաշինքի համար արբանյակային գործընկեր դեռևս ընտրված չէ։ Փորձագետները բացառում են Իլոն Մասկին պատկանող ամերիկյան SpaceX ընկերության մասնակցությունը, քանի որ եվրոպական քառյակի հիմնական նպատակն է ապահովել սեփական ռազմավարական անկախությունը տիեզերական ոլորտում։

Leave a comment