Ցույց՝ Ամուլսարի շահագործման դեմ․ Բնապահպանը ոստիկանին մեղադրել է սեքսիստական վերաբերմունքի մեջ

Մի խումբ ակտիվիստներ Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ ակցիա են անում Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում՝ COP17-ի կանաչ գոտու մոտ: Մասնակիցները հայտարարել են, որ մի շարք սահմանափակումների են հանդիպել ակցիան անցկացնելու ժամանակ։ Նրանց թույլ չեն տվել պաստառ տեղադրել, քայլել դեպի կապույտ գոտու տարածք և այլն, հայտնում է Sputnik Արմենիան:

Բողոքի ակցիայի ընթացքում լարված իրավիճակ է առաջացել բնապահպան ակտիվիստների և ոստիկանների միջև, գրում է Panorama.am-ը:

Բնապահպան Անի Խաչատրյանը դժգոհություն է հայտնել իրավապահների պահվածքից՝ նրանց մեղադրելով քաղաքացիների նկատմամբ կամայական սահմանափակումներ կիրառելու և սեքսիստական արտահայտություններ անելու մեջ։

Դիմելով ոստիկաններից մեկին՝ ակտիվիստն ասել է. «Ինչու է ոստիկանը ասում՝ աղջիկ է չի սազում, այսինքը օրենքից անցանք սեքսիստական ոլո՞րտ»։

Ակտիվիստները փորձել են իրենց դժգոհությունը բարձրաձայնել միջազգային միջոցառման անցկացման վայրում՝ ուշադրություն հրավիրելով Ամուլսարի հանքավայրի շահագործման խնդրի վրա։

Անի Խաչատրյանի ներկայացմամբ՝ միջադեպը սկսվել է այն բանից հետո, երբ ինքը փորձել է ոստիկաններից պարզել, թե ինչու են արգելում միջոցառման տարածք բարձրանալ մի քաղաքացու, որի հագին Ամուլսարի վերաբերյալ գրությամբ վերնաշապիկ է եղել։

Բնապահպանը նշել է, որ ընդամենը ցանկացել է իմանալ սահմանափակման պատճառը, սակայն ոստիկաններից մեկի արձագանքը հարուցել է իր վրդովմունքը։ Ակտիվիստը հատկապես անընդունելի է համարել այն հանգամանքը, որ իրավապահը, իր պնդմամբ, անդրադարձել է իր սեռին և արտաքին պահվածքին՝ փոխարենը ներկայացնելու սահմանափակման իրավական հիմքերը։

«Դուք ո՞վ եք, որ ինձ ասեք, թե ինձ ինչ էչ սազում, ինը ոչ»,-ասել է նա:

Լրագրողները էկոնոմիկայի նախարար Պապոյանի ուշադրությունը հրավիրել են բնապահպանների, անկախ մասնագետների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մտահոգությունների վրա։ Հիշեցրել են, որ նրանք դիմել են նաև COP17-ի մասնակից երկրներին ու պատվիրակություններին՝ Ամուլսարի հանքի շահագործումը որակելով Հայաստանի համար աղետաբեր ծրագիր, որը, ըստ նրանց, հակասում է Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիային և խոչընդոտում Կունմին–Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագրով սահմանված նպատակների իրականացումը։

Պապոյանը, սակայն, պնդել է, որ պատասխանատու հանքարդյունաբերությունը անհրաժեշտ է Հայաստանի տնտեսությանը։

Leave a comment