Ոստիկանությո՞ւնն է արդեն որոշում՝ աղջկան ինչն է սազում, ինչը՝ ոչ. միջադեպ ցուցարարի ու ոստիկանի միջև

COP 17 համաժողովին զուգահեռ Ամուլսարի շահագործման դեմ անցկացվող բնապահպանների բողոքի ցույցի ժամանակ այսօր միջադեպ գրանցվեց ցուցարար Անի Խաչատրյանի և ոստիկանների միջև։

«Ասում է՝ աղջկան չի սազում։ Դուք ո՞վ եք, որ որոշեք՝ աղջկան ինչն է սազում, ինչը՝ ոչ։ Ոստիկանությո՞ւնն է արդեն որոշում՝ աղջկան ինչն է սազում, ինչը՝ ոչ», — ոստիկանների վրա բղավում էր Անի Խաչատրյանը՝ զայրացած ոստիկանի արձագանքից։

Նա պատմում էր, որ ընդամենը մոտեցել է ոստիկաններին և հետաքրքրվել, թե ինչու ցուցարարներից մեկին թույլ չեն տվել միանալ ցույցի մասնակիցներին։ Ի պատասխան՝ ոստիկանը նրան ասել էր, որ աղջկան այդպես խոսելը չի սազում։

Երբ լրատվամիջոցները հավաքվեցին միջադեպի մասնակիցների շուրջ, ոստիկանները սկսեցին ավելի մեղմ խոսել Անի Խաչատրյանի հետ։

«Հանգիստ, հարգելիս, ձեր ձայնը մի՛ բարձրացրեք», — ասում էին ոստիկանները։

«Ոստիկաններն իրենց ցանկությամբ որոշել են մարդկանց արգելել վերև բարձրանալ։ Ես ընդամենը մոտեցել եմ ոստիկաններին ու հարցրել՝ ինչ իրավունքով են արգելել այդ մարդկանց վերև բարձրանալ։ Ինձ ասում է՝ հետս նորմալ խոսեք, աղջիկ եք, չի սազում։ Նորմալ հարցրել եմ՝ շատ հանգիստ տոնով, ու ցույց եմ տվել վերևը։ Ասում է՝ մատով ցույց մի՛ տվեք։ Ոստիկանությո՞ւնն է արդեն որոշում՝ աղջկան ինչն է սազում, ինչը՝ ոչ։

Ինձ զայրացնում է, որ ինքնագլուխ ինչ ուզում՝ անում են։ Ի՞նչ է նշանակում՝ մարդը չի կարող վերև բարձրանալ, չի կարող պաստառ պահել, չի կարող ներս մտնել, որովհետև «Սեյվ Ամուլսար» մայկա ունի։ Սա ի՞նչ է», — լրագրողներին պատմեց Անի Խաչատրյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment