ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առանձնապես խոշոր չափերի՝ 69.34 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի մաքսանենգության վերաբերյալ:
Նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օտարերկրյա քաղաքացին թմրամիջոցը մաքսանենգ եղանակով տեղափոխել է ՀՀ տարածք և տեղադրել սահմանային շերտում։ Այնուհետև ՀՀ երկու քաղաքացիներ վերցրել են այն և տեղափոխել ավտոմեքենա։ Իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել են փաթեթներ, որոնք լցված են եղել 69.34 կգ մարիխուանայով։
Դեպքի առթիվ ՀՀ երկու քաղաքացիների նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակելը): Նրանք կալանավորվել են, քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։