ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Արաքսիա Սվաջյանը նշանակվել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։ Տեղեկությունը հայտնում է համալսարանի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական վարույթի շրջանակներում 2025–ի հոկտեմբերի 17-ին ձերբակալվել էին Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը և բուհի մի շարք այլ աշխատակիցներ։ Նրանց մեղադրանք է առաջադրվել հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու և կաշառք ստանալու հոդվածներով:
«ԿԳՄՍ նախարար, ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը Մանկավարժականում կայացած Գիտական խորհրդի արտահերթ նիստում ներկայացրեց համալսարանի ռեկտորի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատար Արաքսիա Սվաջյանին։ Վերջինս այդ պաշտոնում առաջադրվել է ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստում անցկացված քվեարկության արդյունքներով»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Արաքսիա Սվաջյանն ունի Մանկավարժական համալսարանում դասախոսական և հետազոտական աշխատանքի երկարամյա փորձ։
Սվաջյանն առանձնացրել է առաջիկա աշխատանքների երեք հիմնական ուղղություն՝ բուհական կրթության որակի բարելավում, հանրակրթության և նախադպրոցական կրթության ոլորտներում իրականացվող աշխատանքների շարունակություն, ինչպես նաև հետազոտական գործունեության զարգացում։ Նշված ուղղություններով համալսարանն ունի մեծածավալ աշխատանք կատարելու անհրաժեշտություն։
Հիշեցնենք ` սեպտեմբերի 2–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել էր ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանին և Արաքսիա Սվաջյանին։
Սվաջյանը նախարարի տեղակալ էր նշանակվել 2023 թվականի հունվարի 3-ին և համակարգում էր հանրակրթության, նախադպրոցական կրթության վաղ մանկության զարգացման ծրագրերի և ներառական կրթության ոլորտները։
Նրա պաշտոնանկությունը ԶԼՄ–ներում կապվում էր այս տավա հուլիսի Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբարում տեղի ունեցած սկանդալի հետ։ Կառավարությունն ավելի քան 32 միլիոն դրամ էր հատկացրել, որ սոցիալապես անապահով և խոցելի խմբերի երեխաները հնարավորություն ունենային ամառային հանգիստն անցկացնել ճամբարում, սակայն այնտեղ լուրջ խնդիրներ էին արձանագրվել՝ հիգիենայից մինչև սնունդ։ Բազմաթիվ ծնողներ դժգոհություններ էին ներկայացրել։