Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ օտարերկրյա քաղաքացին Հայաստանի սահմանն ապօրինի հատման ճանապարհով տեղափոխել է ընդհանուր 69․34 կիլոգրամ թմրամիջոց և այն թողել սահմանային գոտում, հայտնում է Քննչական կոմիտեն:
Նշվում է, որ հետագայում ՀՀ երկու քաղաքացի նշված հատվածից վերցրել են թմրամիջոցի խմբաքանակը և տեղափոխել ավտոմեքենայի մեջ։
Իրավապահների իրականացրած խուզարկության արդյունքում հայտնաբերվել են մարիխուանա պարունակող փաթեթները։
Դեպքի առնչությամբ Հայաստանի երկու քաղաքացիների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության՝ իրացման նպատակով կամ ապօրինի իրացման, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակելու մեղադրանքներով։
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Երկու քաղաքացիներն էլ կալանավորվել են։
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: