Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա տղան «պոլիտրավմա» ախտորոշմամբ հոսպիտալացվել է

Երևանում, սեպտեմբերի 25-ին արտառոց դեպք է տեղի ունեցել, Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ դպրոցներից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով «պոլիտրավմա» ախտորոշմամբ անչափահասը բուժօգնության է տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, հաղորդում է Shamshyan.com–ը։

Տեղում պարզվել է, որ տուժածը Երևանի բնակիչ 12-ամյա Մ․ Հ․-ն է

Շենգավիթի համայնքային ոստիկաններին երեխայի մայրը հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 12։30-ի սահմաններում, դպրոցներից մեկում իր որդին դասամիջոցի ժամանակ վիճաբանել է Ա․ Խ․-ի, Ա․ Պ․-ի, Գ․ Ա․-ի և Հ․ Մ․-ի հետ, որի ժամանակ վերջիններս ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել որդու մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ վերջիններիս հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։

Leave a comment