Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հնարավոր հարձակման դեպքում Թեհրանի պատասխանն էլ չի ուշանա։ Նա այդ մասին գրել է X սոցցանցում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի դեմ հետագա քայլերի վերաբերյալ որոշում կկայացնի առաջիկայում:
«Վերջին անգամ, երբ դուք ցանկանում էիք «գործն ավարտին հասցնել», Իրանը միայն ուժեղացավ։ Ցանկանում եք կրկի՞ն փորձել ձեր բախտը: Խնդրեմ։ Բայց զգույշ կլինեք. մենք էլ կիսատ գործեր ունենք»,– գրել է Արաղչին։
Նա նշել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն է ԱՄՆ-ին ներքաշում հերթական պատերազմի մեջ, որպեսզի խուսափի բանտարկությունից՝ անկախ նրանից, թե ինչ հետևանքներ կլինեն Իսրայելի համար:
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։ Հակամարտությունը մինչ այս պահը չի կարգավորվել։