Էկվադորում պատարագի ժամանակ հսկայական խաչն ընկել է քահանայի վրա (ՎԻԴԵՈ)

Տեսագրությունում երևում է, թե ինչպես է խորանի հետևի պատից պոկվում ծանր խաչը և ընկնում քահանայի գլխին․ ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Էկվադորի Գուայաքիլ քաղաքում կաթոլիկ եկեղեցու քահանան մահացել է այն բանից հետո, երբ պատարագի ժամանակ եկեղեցու պատից պոկվել և նրա վրա է ընկել մեծ փայտե խաչը։


Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ի երեկոյան՝ Nuestra Señora del Perpetuo Socorro (Մշտնջենական օգնության Տիրամայր) եկեղեցում, հաղորդում է Associated Press-ը։


Մահացածը եկեղեցու հոգևոր հովիվ Պատրիսիո Ալֆրեդո Սանչես Մոլինարին է։


Պատարագը ուղիղ հեռարձակվել է սոցիալական ցանցերով։ Տեսագրությունում երևում է, թե ինչպես է խորանի հետևի պատից պոկվում ծանր խաչը և ընկնում քահանայի գլխին։ Ներկաներն անմիջապես շտապում են նրան օգնության և շտապ օգնություն կանչում։


Ինչպես հաղորդում է EFE գործակալությունը, Գուայաքիլի արքեպիսկոպոսությունը պաշտոնապես հաստատել է քահանայի մահը և ցավակցություն հայտնել նրա ընտանիքին, հարազատներին ու հավատացյալներին։


Էկվադորական Ecuavisa հեռուստաընկերության հաղորդմամբ՝ դեպքից հետո եկեղեցի են ժամանել ոստիկանության քրեագիտական ծառայության աշխատակիցները։


Խաչի ընկնելու պատճառը դեռևս պարզված չէ։


Ողբերգական միջադեպի տեսագրությունը տարածվել է սոցիալական ցանցերում։


Leave a comment