Եթե դեմքի շրջանում կնճիռները հարթեցնելու կամ որևէ բժշկական խնդիր լուծելու նպատակով ստացել եք բոտուլինային տոքսինի՝ բոտոքսի ներարկումներ (կամ գուցե մեկ այլ տեսակի ներարկում, օրինակ՝ դիսպորտ), ապա անհրաժեշտ է իմանալ հետևյալը՝ ներարկումներից հետո ճիշտ խնամք ապահովելու համար։
Ի՞նչ սպասել բոտոքսի ներարկումներից հետո
Բոտոքսով բուժումը սովորաբար մի քանի օրվա ընթացքում հարթեցնում է կնճիռները, իսկ ազդեցությունը պահպանվում է մի քանի ամիս։ Ներարկումներից հետո անմիջապես հնարավոր են որոշ թեթև կողմնակի ազդեցություններ, օրինակ՝
- Կապտուկներ։ Բոտոքսի ներարկումների ամենատարածված կողմնակի ազդեցություններից են փոքր, թույլ արտահայտված կապտուկները։ Դրանք հատկապես հաճախ են առաջանում ծիծաղելիս նկատվող քիթ-շրթունքային ծալքերի շրջանում, որտեղ բազմաթիվ արյունատար անոթներ կան։
- Այտուց։ Այտուցը նվազեցնելու համար կարելի է մոտ 10 ր ներարկման հատվածին դնել սառը թրջոց կամ սրբիչով փաթաթված սառցե պարկ։
- Գլխացավ։ Որոշ մարդիկ նշում են, որ բոտոքսի ներարկումներից հետո անմիջապես գլխացավ են ունենում։ Սակայն, քանի որ գլխացավի բազմաթիվ հնարավոր պատճառներ կան, դժվար է վստահորեն ասել՝ արդյո՞ք այն կապված է ներարկումների հետ։
Ի՞նչ չի կարելի անել բոտոքսի ներարկումներից հետո
Շատ դեպքերում ներարկումներից հետո կարող եք անմիջապես վերադառնալ ձեր սովորական առօրյային։ Համացանցում բազմաթիվ խորհուրդներ կան այն մասին, թե ինչ է կարելի և ինչ չի կարելի անել ներարկումներից հետո, սակայն եթե ներարկումները կատարվել են ճիշտ տեխնիկայով, հետագա հատուկ խնամքի կարիք գրեթե չկա։
Այնուամենայնիվ, կան մի քանի խորհուրդներ, որոնց արժե հետևել։
- Մի՛ պառկեք անմիջապես ներարկումներից հետո։ Փորձեք ներարկումներից հետո երեքից չորս ժամ մնալ ուղղահայաց դիրքում։
- Մի՛ մերսեք ներարկման հատվածը։ Բոտոքսը հեղուկ է, և այն կարող է տարածվել, թեև տարածման հեռավորությունը սովորաբար մինչև 1,3 սանտիմետր է։ Այնուամենայնիվ, նույնիսկ այդպիսի փոքր տեղաշարժը կարող է ազդել նյութի բաշխման և վերջնական արդյունքի վրա։ Հետևաբար ներարկումներից հետո 12 ժամվա ընթացքում մի՛ մերսեք և ուժեղ մի՛ շփեք դեմքը։
- Խուսափե՛ք որոշ նյութերից։ Բոտոքսի ներարկումների օրը ցանկալի է հրաժարվել ալկոհոլ օգտագործելուց։ Խուսափեք նաև ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերից, օրինակ՝ ասպիրինից, իբուպրոֆենից և նապրոքսեն նատրիումից, քանի որ դրանք կարող են բարձրացնել կապտուկների առաջացման հավանականությունը։ Եթե այդ դեղերը նշանակվել են բժշկի կողմից, մի՛ դադարեցրեք դրանց ընդունումն առանց բժշկի հետ խորհրդակցելու։
Կարելի՞ է արդյոք դիպչել դեմքին բոտոքսից հետո
Դիպչել՝ այո, շփել՝ ոչ։ Ներարկումներից հետո մոտավորապես առաջին 24 ժամվա ընթացքում խուսափեք ներարկման տեղերը շփելուց, քանի որ դա կարող է հանգեցնել բոտոքսի փոքր տեղաշարժի՝ այն հատվածից, որտեղ նախատեսված էր դրա ազդեցությունը։
Ե՞րբ է կարելի դեմքի մաքրում կամ մերսում անել
Դեմքի խնամքի պրոցեդուրաներն ու մերսումները ենթադրում են մաշկի շփում և մերսում։ Հետևաբար, նման միջամտություններն արժե հետաձգել առնվազն 24 ժամ՝ բոտոքսի ներարկումներից հետո։
Եթե ունեք կապտուկներ կամ այտուց, ձեր հարմարավետության համար կարող է անհրաժեշտ լինել ավելի երկար ժամանակ։
Կարելի՞ է բոտոքսից հետո լվանալ դեմքը
Բոտոքսը ջրի հետ շփվելիս չի անհետանում։ Հետևաբար ներարկումներից հետո դեմքը լվանալը թույլատրելի է։ Պարզապես սկզբում պետք է նրբորեն լվացվել՝ չշփելով ներարկման հատվածը և չնպաստելով կապտուկների կամ այտուցի առաջացմանը։
Կարելի՞ է մարզվել բոտոքսի ներարկումներից հետո
Որոշ բուժաշխատողներ խորհուրդ են տալիս ներարկումներից հետո առնվազն 24 ժամ խուսափել ֆիզիկական ակտիվությունից, սակայն քիչ ապացույցներ կան, որ ֆիզիկական ակտիվությունն ազդում է բոտոքսի՝ հյուսվածքներում բաշխման վրա։ Բայց և ֆիզիկական վարժությունները կարող են բարձրացնել արյան ճնշումը, ինչն էլ կարող է մեծացնել կապտուկների առաջացման հավանականությունը։ Հետևաբար, եթե հակված եք կապտուկների առաջացմանը, նպատակահարմար է մի քանի ժամ խուսափել ինտենսիվ մարզումներից։
Կարելի՞ է ժպտալ բոտոքսից հետո
Դեմքին մի քանի ներարկում ստանալուց հետո կարող եք փոքր-ինչ անհանգստանալ անգամ դեմքի մկանները շարժելուց։ Սակայն կարող եք շարունակել սովորականի պես արտահայտել ձեր հույզերը։ Դեմքի շարժումները չեն խաթարում բոտոքսի ազդեցությունը։
Բոտոքսից հետո ե՞րբ է կարելի դիմահարդարվել
Ներարկումներից հետո դիմահարդարվելու, շուրթերի բալզամ օգտագործելու կամ դեմքին սովորաբար կիրառվող այլ միջոցները քսելու համար սպասելու հստակ սահմանված ժամանակ չկա։ Դիմահարդարվելիս պարզապես պետք է զգույշ լինել՝ խուսափելով ներարկման հատվածն ուժեղ շփելուց։
Ո՞ր բարդություններն ու կողմնակի ազդեցություններն են հատուկ ուշադրության արժանի
Բոտոքսը, ընդհանուր առմամբ, համարվում է բավականին անվտանգ միջոց, իսկ կողմնակի լուրջ ազդեցությունները հազվադեպ են։ Անգամ եթե առաջանում են թեթև կողմնակի ազդեցություններ, դրական կողմն այն է, որ բոտոքսի ազդեցությունը ժամանակավոր է, բարդությունների մեծ մասն էլ ժամանակավոր բնույթ են կրում։ Այնուամենայնիվ, հետևյալ ախտանշանների առաջացման դեպքում անհրաժեշտ է անհապաղ բժշկական օգնության դիմել.
- Մշուշոտ տեսողություն կամ տեսողական այլ խանգարումներ,
- թմրածություն կամ պարալիզ,
- ստամոքսի արտահայտված խանգարում,
- շնչառության դժվարացում,
- միզուղիների վարակի նշաններ, օրինակ՝ արյուն մեզի մեջ,
- խոսքի աղավաղում կամ ոչ հստակ խոսքի առաջացում,
- կուլ տալու դժվարություն։
Ավելի հազվադեպ, սակայն հնարավոր կողմնակի ազդեցություններից են նաև վերին կոպի կամ հոնքի կախվածությունը։
Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Աղբյուր՝ Cleveland clinic
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: