Երևանում պաշտոնապես ՀՀ օրհներգի ներքո բացվեց Կենսաբազմազմազանության ՄԱԿ-ի 17-րդ հռչակավոր համաժողովը։ COP17-ը տևելու է հոկտեմբերի 19-ից մինչև հոկտեմբերի 30-ը, այսօր միջոցառման հանդիսավոր բացման արարողությանն է։
Բացմանը հաջորդեց հայկական ազգային երգն ու պարը` «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գլխավորությամբ, նրանք ներկայացրեցին նաև Կարնո քոչարի և յարխուշտա պարերը։
Բացման պաշտոնական արարողությանը ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ ՀՀ–ն բնական ժառանգությունը՝ Սևանա լճից մինչև մեր անտառային ու լեռնային էկոհամակարգերը, հիշեցնում է, որ բնության պահպանությունը պահանջում է շարունակական աշխատանք, պատասխանատու կառավարում և երկարաժամկետ մտածողություն։
«Թող Երևանը դառնա քաղաքական նոր վճռականության հանգրվան։ Թող սա լինի այն պահը, երբ խոսքից անցնում ենք գործի և մասնատվածությունից՝ համագործակցության։ Սա նշանակում է գործել հանուն բնության»,– ասաց Փաշինյանը։
ՀՀ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն էլ իր ելույթում նկատեց, որ այսօր միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների դարաշրջանն է։ Ըստ նրա` աշխարհաքաղաքական լարվածությունը, տնտեսական անորոշությունը և մրցող ազգային առաջնահերթությունները աճող ճնշում են գործադրում միջազգային կառույցների և համագործակցության ձևավորված մեխանիզմների վրա:
«Այսպիսի հանգամանքներում Միացյալ ազգերի կազմակերպության կարևորությունը և մի շարք այլ հայտնի միջազգային կազմակերպությունների կարևորությունը նպաստում են այնպիսի շրջանակի ձևավորմանը, որտեղ պետությունները, անկախ ռեսուրսներից, կարողություններից ու քաղաքական տարբերություններից, կարող են հավասար պայմաններում քննարկել, համադրել իրար բախվող շահերը և հետապնդել համագործակցության նպատակը: Արդյունավետ բազմակողմանիությունը Հայաստանի համար մեր արտաքին քաղաքականության կարևոր մաս է: Մենք, միաժամանակ հնարավորություն տալով ինքնիշխան կարողություններին, փորձում ենք աջակցել միջազգային կառույցների գործունեությանը, որպեսզի վերջիններս կարողանան բավարարել իրենց անդամների կարիքներ»,– նշեց Միրզոյանը։
Նշենք, որ սեպտեմբերի 15–ից Երևանում մեկնարկել են ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում անցկացվող միջոցառումները։
Հոկտեմբերի 16–ին COP17-ի շրջանակում կայացավ Առաջնորդների գագաթնաժողովը։ Առաջնորդներ հանուն բնության բարձր մակարդակի նախագահական գագաթնաժողովի արդյունքում համաշխարհային առաջնորդներն ընդունեցին «Երևանի հռչակագիրը»:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) անցկացվելու է Երևանում՝ հոկտեմբերի 19–30-ը։