«Չնայած աշխարհաքաղաքական լարվածությանը և ահագնացող ճգնաժամին՝ կա հույս․ հաջորդ շաբաթներն օգտագործենք միավորվելու համար»․ Աստրիդ Շոմակեր

«Այս համաժողովը ևս մեկ անգամ փաստում է, որ բազմակողմանիությունն աշխատում է, որ ստանձնած հանձնառություններն առաջին հերթին իրականացվում են։ Չնայած աշխարհաքաղաքական լարվածությանը և ահագնացող ճգնաժամին՝ կա հույս։ Սա չափազանց կարևոր պատասխանատվություն է, կոնվենցիայի պատմության ընթացքում Հայաստանն իրապես բավականին մեծ աջակցություն է տրամադրել այս նախաձեռնությանը, ինչի համար շնորհակալ ենք»,- ՄԱԿ-ի Կենսաբազմազանության 17-րդ համաժողովի՝ COP17 բացման արարողության ժամանակ ասաց Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմակերը։

Նա նշեց, որ կենսաբազմազանության կորուստը մեր ժամանակների ամենամեծ մարտահրավերն է, բայց այս խնդրի լուծումն աննախադեպ հնարավորություն կարող է դառնալ մարդու վերաբերմունքը բնության նկատմամբ փոխելու և ավելի կայուն, թիրախային ու հավասար ապագա ստեղծելու տեսանկյունից։

«Համապատասխանաբար, հորդորն այն է, որ հաջորդ երկու շաբաթներն օգտագործենք միավորվելու և հանձնառությունները վերածելու կոնկրետ գործողությունների, ավելի ամուր գործընկերական հարաբերությունների և արագացված իրականացման քայլերի։ Գիտենք՝ որտեղ են բացերը, և մեր հանդիպման նպատակն այդ բացերը լրացնելն է»,- հավելեց Աստրիդ Շոմակերը։

 

Ռոզա ՀՈՀՎԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment