Կիրակի օրը Ֆրանսիան դեռ ուշքի էր գալիս վերջին տարիների ամենադաժան անկարգություններից հետո, գրում է Reuters գործակալությունը, հավելելով. «Բարձր գների և հանրային ծառայությունների վատ որակի դեմ բողոքի ակցիաների արդյունքում մեկ ցուցարար մահացել է, հազարավոր մարդիկ՝ ձերբակալվել, իսկ հարյուրավոր ոստիկաններ՝ վիրավորվել»։
Շաբաթ օրը երկրով մեկ անցկացվող ցույցերը վերածվեցին անկարգությունների. երկրի տարբեր քաղաքներում ագրեսիվ խմբերը բախվեցին ոստիկանության հետ, այրվեց քաղաքապետարանի շենք, թալանվեցին խանութներ, իսկ շենքերի պատերը ծածկվեցին գրաֆիտիներով։
Փարիզում ցույցերի ժամանակ ցուցարարներից մեկը մահացել է սրտի կանգի հետևանքով։
Ներքին գործերի նախարարի հաղորդմամբ՝ Ֆրանսիայում ձերբակալվել է ավելի քան 2000 մարդ, իսկ ոստիկանության ավելի քան 600 աշխատակից վիրավորվել է։
«Այստեղ պատերազմական գոտի է հիշեցնում», – ասել է հոլանդացի գործարար Տիյե դե Բոերը, ով երեխաների հետ Փարիզ էր եկել՝ ընկերոջը այցելելու։ Նրա խոսքով՝ բողոքի ակցիաների պատճառով նա ստիպված է եղել լքել իր հյուրանոցը, որը գտնվում է Հանրապետության հրապարակում (Place de la République)՝ շաբաթ օրը լարվածության կիզակետ դարձած վայրում։
Տասնյակ քաղաքներում ավելի քան կես միլիոն մարդ է դուրս եկել փողոց՝ միավորելով մեկ ամիս շարունակվող ուսանողական շարժումը և աճող կենսական ծախսերի ու վատթարացող հանրային ծառայությունների դեմ ուղղված ավելի լայն սոցիալական դժգոհությունը։
Նախագահի աշխատակազմի հաղորդմամբ, կիրակի օրը՝ տեղական ժամանակով ժամը 20:00-ին, նախագահ Էմանուել Մակրոնը հանդես կգա ազգին ուղղված ուղերձով։
Մակրոնը պաշտոնը կլքի 2027 թվականին՝ իշխանության ղեկին անցկացնելով մեկ տասնամյակ, որն ավելի ու ավելի է բնորոշվում սոցիալական դժգոհությամբ, թույլ տնտեսությամբ և աճող պետական պարտքով։
Կառավարությունը բռնությունների համար մեղադրում է ծայրահեղ ձախ խմբավորումներին, ինչպես նաև հանցավոր տարրերին, որոնք, ըստ իշխանությունների, հրահրել են թալանը։
Մինչ հարյուր հազարավոր մարդիկ խաղաղ բողոքի ակցիաներ էին անցկացնում, ծայրահեղական խմբավորումները հարձակվեցին հանրային շենքերի վրա, թալանեցին շքեղ բուտիկներն ու սուպերմարկետները, ինչպես նաև հարձակում գործեցին ոստիկանական մեքենաների և ծառայողների վրա։
Մաքրման և վերականգնման լայնածավալ աշխատանքներ սկսվեցին մի շարք քաղաքներում՝ հյուսիսում գտնվող Լիլից մինչև հարավում՝ Մարսել, և արևելքում՝ Ստրասբուրգից մինչև հարավ-արևմուտքում՝ Բորդո, որտեղ դիմակավորված ամբոխը ներխուժեց տեղի պրեֆեկտի նստավայր։
Ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտնեց, որ շաբաթ օրը հարյուրավոր խանութներ են վնասվել։
Փարիզում ջարդված ցուցափեղկերը, այրված հեծանիվներն ու կարգախոսները վկայում էին մի օրվա մասին, որը սկսվել էր հիմնականում խաղաղ ցույցերով, սակայն վերածվել բռնության։
Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Լիմոժ քաղաքում քաղաքապետ Գիյոմ Գերենը դատապարտեց տիրող քաոսը այն բանից հետո, երբ շաբաթ օրը հրկիզման հետևանքով այրվեց և գրեթե ամբողջությամբ ավերվեց քաղաքապետարանի 143-ամյա շենքը։
Այս դեպքը համեմատություններ առաջացրեց 2019 թվականին Փարիզի Աստվածամոր տաճարում տեղի ունեցած հրդեհի հետ։
«Քաղաքապետարանը հրկիզելու հստակ, նախապես ծրագրված մտադրություն կար, իսկ ներսում գտնվող մարդիկ վախենում էին իրենց կյանքի համար», — Reuters-ին ասել է Գերենը։ Նա սպառնացել է հրաժարական տալ, եթե քաղաքը չստանա քաղաքապետարանի վերականգնման համար անհրաժեշտ միջոցները։
Անկարգությունները մեծացրել են ճնշումը նախագահ Մակրոնի և նրա կառավարության վրա՝ հաջորդ տարի սպասվող նախագահական ընտրություններին ընդառաջ։ Վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն անկարգությունների համար մեղադրել է «ծայրահեղ ձախերին» և հանցագործ տարրերին։
Էկոնոմիկայի նախարար Ռոլան Լեսկյուրը այսօր խոստացել է աջակցել այն գործարարներին, ովքեր վնասներ են կրել։ «Նրանք, ովքեր ավերածություններ են գործել՝ կվերականգնեն հասցված վնասը և պատասխանատվության կենթարկվեն քաոս սերմանելու իրենց մտադրության համար», – ասվում է Լեսկյուրը։
Ֆրանսիական մանրածախ առևտրի ցանցի՝ Carrefour-ի գործադիր տնօրեն Ալեքսանդր Բոմպարը ֆրանսիական BFMTV հեռուստաալիքին հայտնել է, որ ընկերության 50 խանութ վնասվել է, այդ թվում՝ 20-ը՝ թալանվել, իսկ վնասների չափը հասնում է տասնյակ միլիոնավոր եվրոների։
Բողոքի ակցիաները սկսվել էին անցյալ ամիս՝ կապված աշխատավորական դասակարգի բնակավայրերում դպրոցական պայմանների և ուսուցիչների պակասի հետ, սակայն հետագայում վերածվել են շարժման՝ ուղղված անհավասարության, պետական ծախսերի կրճատման և կյանքի թանկացման դեմ։
Նյութը պատրաստել են Սիբիլ դը Լա Ամեդը, Նատաշա Բանսագին, Յանիս Լայզանսը և Կլոտեր Աչին։
Լուսանկարում՝ Ֆրանսիայի ազգային դրոշով փաթաթված ցուցարարը՝ Լիոնի զբոսաշրջության գրասենյակի դիմաց, որն այրվել էր երեկ՝ կենսապայմանների թանկացման դեմ բողոքի ցույցի ժամանակ։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: