Անմահության ճանապարհով․ Ջավախցի մայոր Սարգիս Աղջոյանի նվիրական կյանքն ու սիրո պատմությունը

Անմահության ճանապարհով․ Մայոր Սարգիս Աղջոյանի նվիրական կյանքն ու սիրո պատմությունը

​Կան ճակատագրեր, որոնք հյուսված են հայրենասիրությամբ, անսահման նվիրումով և այնպիսի վեհ սիրով, որը հաղթահարում է անգամ ժամանակն ու մահը: Այդպիսին էր Ջավախքի հարազատ ծնունդ, հայոց բանակի մայոր Սարգիս Աղջոյանի կյանքի ուղին։​

​Սարգիս Աղջոյանը ծնվել է 1987 թվականի օգոստոսի 7-ին Նինոծմինդայի շրջանի Մեծ Արագյալ գյուղում: Մինչև 12 տարեկանն ապրել է գյուղում, ապա ընտանիքով տեղափոխվել Նինոծմինդա: Դեռևս պատանի հասակում նրա հոգում վառ էր հայրենիքին անմնացորդ ծառայելու երազանքը։

​Նինոծմինդայի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Սարգիսը կայացրեց իր կյանքի առաջին վճռական որոշումը․ նա ստացավ ՀՀ քաղաքացիություն, որպեսզի իրականացնի մեծ նպատակը՝ ընդունվի ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան:

​2005-2009 թվականներին, փայլուն սովորելով և ավարտելով ռազմական բուհը որպես հետախույզ, նա առանց վայրկյան անգամ տատանվելու տեղափոխվեց Արցախ։ Այնտեղ նշանակվեց հետախուզական դասակի, ապա՝ վաշտի հրամանատար։ Սարգիսն իրեն դրսևորեց որպես տաղանդավոր ու հավասարակշռված զինվորական, և կյանքի վերջին տարիներին հետախուզական N զորամասի հրամանատարի՝ բարոյահոգեբանական գծով տեղակալն էր՝ մայորի կոչումով։

​Ի տարբերություն ջավախքցուն բնորոշ տաքարյունության՝ Սարգիսն աչքի էր ընկնում իր զսպվածությամբ, ծանրակշիռ ու հանգիստ բնավորությամբ, ինչն էլ նրան դարձնում էր սիրված ու հարգված հրամանատար զինակիցների համար:​

​2010 թվականին Ստեփանակերտի եկեղեցու բակում ճակատագիրը հանդիպեցրեց ջավախքցի Սարգսին և արցախցի Նարինեին: Այդ հանդիպումը դարձավ նրանց մեծ ու լուսավոր սիրո սկիզբը:

​2011 թվականի հունիսի 30-ին՝ Նարինեի ծննդյան օրը, զույգը պսակադրվեց: Ավանդական ու ջերմ հարսանիքը տևեց յոթ օր, յոթ գիշեր՝ սկսվելով Արցախում և շարունակվելով Ջավախքում։

​Նարինեն գորովանքով ու անսահման ջերմությամբ է հիշում ամուսնու հետ համատեղ կյանքի 9 տարիների ամեն մի րոպեն։

​2017 թվականի մայիսին, ծանր հղիությունից հետո, աստվածային պարգևի պես լույս աշխարհ եկան նրանց երկվորյակները՝ Հովհաննեսն ու Մարիան:

​Սարգիսն անսահման սիրում էր իր ծննդավայր Ջավախքը, բայց նրա հոգում նույնքան խորն էր սերը դեպի Արցախը: Նա իր ընտանիքի ապագան տեսնում էր Արցախում․ բնակարանի հերթագրվելիս նախապատվությունը տվել էր Արցախին, երազում էր հողատարածք ձեռք բերել, սեփական գործը հիմնել ու շենացնել հայրենի հողը:

​Սակայն վրա հասավ պատերազմը…

​Որպես փորձառու հետախույզ՝ մայոր Սարգիս Աղջոյանն առաջիններից էր, որ մեկնեց ռազմաճակատ: Նա մարտնչեց նախ Մատաղիսում, ապա՝ Հադրութում: Հոկտեմբերի 18-ին Հադրութի մերձակայքում, հակառակորդի հետ թեժ փոխհրաձգության ժամանակ, քաջաբար կատարելով իր զինվորական պարտքը, մայոր Աղջոյանը հերոսաբար զոհվեց պարանոցին հասցված հրազենային վիրավորումից:

​Մայոր Սարգիս Աղջոյանն իր հավերժական հանգիստը գտավ հայրենի Նինոծմինդայում:

​Նա հեռացավ՝ թողնելով անբասիր հրամանատարի, հավատարիմ ամուսնու և նվիրված հոր անուն: Նրա հիշատակը վառ է մնալու իր զինակիցների, հարազատների և իր երկու փոքրիկների՝ Հովհաննեսի ու Մարիայի սրտերում, ովքեր մեծանալու են՝ հպարտանալով իրենց հերոս հայրիկով:

Աղբյուրը՝ Javakheti Georgia 

 

Leave a comment